44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի ուսումնական գումարտակի վաշտի հրամանար, կապիտան Բաբկեն Նշանյանը երեկ ներկայացել էր դատարան՝ Քիմիկների զորամասի գործով որպես վկա հարցաքննվելու։
Նշանյանը, սակայն, քիմիկների հետ կատարվածի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ չուներ, նա մասնակցել է 2020 թ․ հոկտեմբերի 21-ի «սանրում» գործողությանը «Մակարյան» մյուս խմբավորման՝ Ներքին Հանդի ուղղությամբ մեկնածների կազմով։
Հիշեցնենք՝ այդ օրը հայկական երկու խմբավորում «Սյունիք-Սովխոզ» եւ «Ներքին Հանդ» ուղղություններով պետք է մեկներ Կովսական (Զանգելան) քաղաքի մերձակա տարածք եւ «սանրում» գործողության միջոցով հայտնաբերեր ու ոչնչացներ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Ծրագրված օպերացիան, սակայն, տապալվել է․ քիմիկների զորախումբը, փոխգնդապետ Արսեն Աբգարյանի հրամանատարությամբ, Կիրի հանքում կանգնելու փոխարեն խորացել է մինչեւ Կովսական քաղաք, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ։ Մակարյանի զորախումբը, որը, ըստ մեղադրական եզրակացության, գտնվում էր շրջափակման մեջ ընկածներից 1 կմ հեռավորության վրա, տեղում գնահատելով, որ բաց դաշտով չունի իրական հնարավորություն՝ օգնության հասնելու, նահանջել է։
Երկու խմբավորումների հրամանատարներն այժմ ամբաստանյալի աթոռին են։ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ, իսկ Արսեն Աբգարյանը՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։
Նրանք մեղադրանքները չեն ընդունում։
Վկան տեղեկություն չուներ՝ մինչեւ ուր են քայլել, քիմիկներից ինչ հեռավորության վրա են գտնվել

– Իսախանյանն ասա՞ց՝ որտեղ եք անելու այդ աշխատանքները,- հարցրեց հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը։
– Ոչ, մենք տեղանք չէին իմանում, չէինք էլ պատկերացնի, թե ասեր։
– Դուք ի՞նչ եք հասկացել, ի՞նչ պիտի անեիք։
– Տարածքը պիտի զննենք, հասկանանք՝ ինչ խնդիր կա։
– Երբեւէ սանրում արած կայի՞ք։
– Ոչ։
– Իսկ ի՞նչ էր ենթադրում այդ զննումը։
– Քայլում էինք, էդ ա եղել, ոչ մի բան․․․
– Ինչ-որ բան փնտրո՞ւմ էիք։
– Չէ, քայլելով գնում էինք, որ հակառակորդը դուրս գար, ոչնչացնեինք։
– Այսինքն՝ ենթադրվում էր, որ գուցե հակառակո՞րդ լիներ այդտեղ։
– Այո։
– Իսախանյանն ասել է՝ ի՞նչ քանակի կարող են լինել։
– Ոչ։
Նշանյանը պատմեց, որ ավտոբուսներով գնացել են, հասել ինչ-որ շենքի մոտ, որը կամ դպրոց էր կամ գյուղապետարան, այնտեղից էլ ճանապարհը շարունակել են ոտքով։ Եղել են զինված իրենց ամրակցված ԱԿԱ-74 զենքերով, փամփուշտների խնդիր չեն ունեցել․ «Հասանք ինչ-որ մի կետի, ասացին՝ սպասենք էդտեղ, սպասել ենք, հետո փոխգնդապետ Իսախանյանը եկավ, ասաց՝ հետ ենք գնում, հավաքվեցինք, որ վերադառնանք զորամաս»,- իր ցուցմունքում նշեց վկան։
– Դատարանում հետազոտված ապացույցների, այդ թվում՝ Իսախանյանի ցուցմունքի համաձայն՝ այդ պահին, երբ իջել եք ավտոբուսներից, տվյալներ են ստացվել, որ քիմիկների զորքը ընկել է շրջափակման մեջ, Ձեզ մոտ նման բան տպավորվե՞լ է,- հարցրեց մեղադրող դատախազը։
– Ոչ։
– Լավ, երբ քայլում էիք, անձրեւ տեղո՞ւմ էր։
– Մառախուղ եղանակ էր։
– Անձրեւ տեղո՞ւմ էր։
– Հա, գալիս էր։
– Ճանապարհը ցեխո՞տ էր։
– Դե, չեմ հիշում։
– Մառախուղը երթի ողջ ընթացքում կա՞ր։
– Տեղ-տեղ լինում էր, տեղ-տեղ անցնում։
– Որ հասաք այդ կետը, կանգնեցիք, մառախո՞ւղ էր։
– Այո։
Նշենք՝ եղանակային պայմանները էական են, քանի որ որոշ անձինք դրանով են պայմանավորել քիմիկներին օգնության չգնալը՝ նշելով, որ մառախուղ էր, տեսանելիության խնդիր կար։
– Ինչքա՞ն եք սպասել։
– Մոտ մի ժամ, կարողա ավել։
– Ի՞նչ եք արել այդ ընթացքում։
– Սպասել ենք, որ խնդիր լինի՝ կատարենք։
– Ի՞նչ տեղեկություն ունեիք՝ այդ ժամանակ մոտեցե՞լ էիք հակառակորդին թե՞ ոչ։
– Տեղեկություն չենք ունեցել։
– Ձեր ներկայությամբ քննարկվե՞լ է, որ անձնակազմ կա, շրջափակման մեջ է ընկած։
– Այդ ժամանակ, որ սպասում էինք, իմացել ենք, որ քիմիկները շրջափակման մեջ են, բայց թե որտեղ, չգիտեմ։
– Ձեզանից ի՞նչ հեռավորության վրա։
– Չեմ կարող ասել։
– Քննարկվե՞լ է որեւէ գործողություն անել այդ ուղղությամբ։
– Դե, սպասում էինք Իսախանյանին, որ գար, տեսնեիք՝ ինչ է լինում։
– Քրեական գործի շրջանակում տվյալներ ունենք, ըստ որոնց՝ քիմիկները գտնվում էին ձեզանից որոշակի կիլոմետր հեռավորության վրա՝ շրջափակման մեջ, եւ կան տվյալներ, որ քննարկվել է նրանց օգնության գնալու հարցը, բայց վտանգավոր է եղել։ Որեւէ տեղեկություն ունե՞ք սրա հետ կապված։
– Ոչ։
– Իսկ որ վերադարձաք Կապանի զորամաս, ի՞նչ տեղեկություն ստացաք, ի՞նչ էր կատարվել քիմիկների հետ։
– Կոնկրետ չեմ կարող ասել, իմացանք, որ շրջափակման մեջ են ընկել, որ խումբ պիտի կազմվի [օգնության մեկնելու]․․․ Բայց ես դրանից հետո ուրիշ տեղ եմ գնացել՝ խնդրի կատարման։
Վկայի պատասխանները զայրացրին տուժողների իրավահահջորդներին․ «Կապիտան տղա ես, չհարցրի՞ր՝ ինչի՞ ենք գնում չաստ, պաշտպանական մի բան մշակեիք, գնայիք էրեխեքի հետեւից»,- ասաց ծնողներից մեկը։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ ինչ հրաման ստացել են, որպես զինվոր՝ կատարել են։ Մեղադրողը հետաքրքրվեց՝ իսկ եթե լիներ հրաման՝ առաջ գնալու, հակառակորդի հետ գրոհի բռնվելու, ինքը եւ իր անձնակազմը պատրա՞ստ էին, այդպիսի բարոյահոգեբանական վիճակո՞ւմ էին, վկան դրական պատասխանեց, պնդեց՝ եթե հասել էին այդտեղ, ուրեմն՝ բոլորն էլ պատրաստ էին։
Վկան հանդիպել է Գեւորգ Նշանյանին իրենց ազգականի հուղարկավորության ժամանակ

Մասնավորապես, ըստ գործի նյութերի՝ Քիմիկների զորամասի հրամանատարի ժ/պ Սարգիս Կուլակչյանը ցուցում է տվել, որ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին Գեւորգ Նշանյանին հրամանագրեն որպես զորամասի հիմնական կազմի 16 այլ զինծառայողների հետ մարտական ծառայությունից զորամաս վերադարձած զինծառայողի՝ այն պարագայում, երբ վերջինս զորամասի հրամանատարի թույլտվությամբ լքել է մշտական տեղակայման վայրը՝ զոհված ազգականի դին գտնելու եւ հուղարկավորելու նպատակով, եւ ծառայակից քիմիկների հետ չի մասնակցել մարտական գործողությունների։
Կուլակչյանն այժմ մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն օժանդակելու մեջ (2003 թ․ ՔՕ–ի 38-375-րդ հոդվածի 4-րդ մաս), սակայն մեղադրանքը չի ընդունում։
Պատասխանելով մեղադրող դատախազի հարցերին՝ Բաբկեն Նշանյանը հայտնեց, որ ինքը Վարդան Նշանյանի ոչ հարազատ հորեղբոր թոռն է, սակայն նրա հետ առանձնապես շփում չունի, տեղյակ էլ չի եղել, որ Գեւորգ Նշանյանը ծառայել է։

Մեղադրողը փորձեց հարցերով հասկանալ՝ այդ իրավիճակում տեսականորեն որքան կարող էր բացակայել ծառայողը, եւ ինչ ազդեցություն դա կարող էր ունենալ զորքի վրա։
– Կարո՞ղ էին Ձեզ ավելի շատ օր տրամադրել։
– Ոչ, թույլատրել էին 3 օր, ավելի շատ տային, ես չէի էլ մնա։
– Իսկ իրավիճակը թույլ տալի՞ս էր։
– Ոչ, պատերազամական իրավիճակ էր։
– Բայց ասացիք՝ Կապանում սպասում էիք հրամանի։
– Դե հա, սպասում էինք հրամանի․․․ Անձնակազմը՝ էնտեղ, ես ո՞նց գնայի, հանգիստ մնայի տանը․․․ Ես վաշտի հրամանատար էի, չգնայի՞, իրենց մոտ լինեի, ուզում էի իրենց կողքին լինել։
– Եթե հետ չգնայիք, Ձեր համածառայակիցները ինչպե՞ս կվերաբերվեին դրան։
– Չեմ կարող իրենց տեղը պատասխանել, ես վատ կնայեի․․․ Մի հոգին էլ կարող է ինչ-որ խնդիր կատարել․․․
– Միջանձնային փոխհարաբերությունների առումով․․․ Եթե դուք չգնայիք հետ, ո՞նց կընկալվեր դա Ձեր համածառայակիցների կողմից։
– Լավ չէին նայի էդ հարցին։
– Ձեր ենթակա վաշտի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կփոխվե՞ր, եթե Դուք հետ չգնայիք։
– Չեմ կարող ասել․․․ Իմ անձնակազմը պայմանագրայիններ էին, կարող է՝ ճշնվեին, հոգեբանորեն լավ չլիներ, կարող էր եւ լավ լինել, քանի որ էնտեղ էլի սպաներ կային․․․ Ես չեմ կարող դրան պատասխանել։
Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց։ Վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին։