Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանը տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի ղեկավար անձնակազմի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ, ներկայացրել է 2025 թվականին իրականացված աշխատանքները՝ նախանշելով համակարգի գործունեության հետագա առաջնահերթությունները։
Այդ մասին տեղեկացրել է ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ 2025 թվականին հաջողվել է ձևավորել մեկ միասնական տեսլական, թե ինչպիսի պետական կառույց պետք է դառնա Պետական եկամուտների կոմիտեն առաջիկա տարիների ընթացքում։
«ՊԵԿ-ը պետք է դառնա դինամիկ զարգացող և առաջատար կառույց, որը հայտնի կլինի տեխնոլոգիական համարձակ նորարարությամբ և մարդակենտրոն մոտեցմամբ։ Եվ հենց այս որակները պետք է մրցունակ դարձնել տարածաշրջանում և, ընդհանրապես, համաշխարհային մակարդակով»,- ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։