civilnet.am 2026-ի երկրորդ կեսին կսկսվի TRIPP-ի շինարարությունը․ ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Հանրային հեռուստատեսության եթերում։ Նա ամփոփել է 2025-ի արտաքին քաղաքական գլխավոր ուղղությունները՝ անդրադառնալով TRIPP նախագծին, խաղաղության գործընթացին, տարածաշրջանային հարաբերություններին ու այլ թեմաների։
TRIPP նախագծի մասին
Խոսելով խաղաղության համաձայնագրի ու TRIPP նախագծի մասին՝ Միրզոյանն ասաց, որ Հայաստանը շահագրգիռ է օր առաջ ունենալ ամբողջական ապաշրջափակում ու գործարկել TRIPP ենթակառուցվածքները։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին համատեղ հռչակագիր։ Փաստաթղթի կետերից մեկը նախատեսում է TRIPP-ի («Թրամփի ուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար») գործարկումը` տարածաշրջանային հաղորդակցությունները ապաշրջափակելու նպատակով։
«Առաջինը երկաթուղին կարող է լինել․ այդ երկաթուղով և՛ Հայաստանը կկապվի արտաքին շուկաների հետ ու կարտահանի-կներմուծի, և՛ Ադրբեջանը կարող է Հայաստանի տարածքով անցնել, նաև երրորդ երկրները, օրինակ՝ Պորտուգալիան և Կենտրոնական Ասիայի երկրները կարող են կապվել իրար հետ»,- ասաց Միրզոյանը։
Նա հավելեց, որ ամերիկյան կողմի հետ շատ ինտենսիվ աշխատանքներ են ընթանում՝ պայմաններ, իրավունքներ, պարտականություններ հստակեցնելու համար։
«Հուսամ՝ առաջիկա օրերին, շաբաթներին արդեն կունենանք նաև առաջին հնարավոր փաստաթուղթը և հետագայում արդեն կհասնենք նրան, որ հաջորդ տարվա երևի երկրորդ կեսին գետնի վրա շինարարություն էլ կունենանք»,- ասաց նախարարը։
Ադրբեջանի հետ իրականացվող համագործակցության մասին
Նոյեմբերի 6-ին և 8-ին Ռուսաստանից և Ղազախստանից երկաթգծով Հայաստան է ներմուծվել ընդհանուր 2000 տոննա ցորեն՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Դեկտեմբերի 19-ին էլ ադրբեջանական բենզինով բեռնված գնացքն է ժամանել Հայաստան։
Խոսելով այս համագործակցության մասին՝ Միրզոյանն ասաց․ «Այդ բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է Հայաստանի քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյկոտի կոչեր կան, բայց իմացա նաև, որ հերթեր կան այդ բենզինի ձեռքբերման համար»։
Միրզոյանի խոսքով՝ եթե խաղաղություն է հաստատվել և համագործակցություն պետք է ձևավորվի, ուրեմն Հայաստանի տարածքով պիտի անցնեն թե՛ ադրբեջանցիները, թե՛ Թուրքիայի բեռները, նաև՝ Հայաստանից պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, և՛ Հայաստանը պետք է իրենցից ապրանք գնի, և՛ իրենք պետք է Հայաստանից ապրանք գնեն։
Ռուսաստանի և Իրանի դիրքորոշման մասին
Նախարարը մերժեց պնդումները, թե Ռուսաստանն ու Իրանը դեմ են ենթակառուցվածքների ապաշրջափակմանը.։
«Ենթակառուցվածքների ապաշրջափակումը, որքանով ես եմ իրանցի գործընկերներից լսել, Իրանում որոշակի հարցեր առաջացրել է, հարցերին տրվել են պատասխաններ, և հիմա, և մենք, և Իրանը ենթակառուցվածքների ապաշրջափակման մեջ հնարավորություններ ենք տեսնում»,- ասաց նախարարը։
Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին
Նախարարի խոսքով՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ և Հայաստանը Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ կապեր խզելու օրակարգ չունի։
«Եթե այդպես լիներ, նորից վերադառնալով վարչապետի վերջին ասածներին, Հայաստանը Ռուսաստանի Դաշնությանը չէր առաջարկի վերականգնել երկաթուղու, օրինակ, բացակայող մասերը Գյումրու, Երասխի հատվածում և ներգրավվել այդ մեծ տրանսպորտային շարժերի մեջ»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում