armenpress.am Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է շարունակել աշխատել Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ՝ նպաստելու ուկրաինական պատերազմի արագ դադարեցմանը։ ԵՀ նախագահը այս մասին գրել է X-ի իր էջում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո:
«Մենք ունեցանք դրական, մեկ ժամ տևողությամբ հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկիի, ինչպես նաև մի խումբ եվրոպական առաջնորդների հետ՝ քննարկելու խաղաղության բանակցություններին նվիրված նրանց այսօրվա հանդիպումը։ Կա դրական առաջընթաց, ինչը մենք ողջունեցինք։ Եվրոպան պատրաստ է շարունակել աշխատել Ուկրաինայի և ԱՄՆ մեր գործընկերների հետ՝ կոնսոլիդացնելու այս առաջընթացը։ Այս ջանքերում գլխավորը պետք է լինեն երկաթի նման ամուր երաշխիքներն առաջին իսկ օրվանից»,- գրել է նա։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 28-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչում իր Մար-ա-Լագո հանգստավայրում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ Ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո կողմերը հայտարարել են, որ ուկրաինական պատերազմի դադարեցման գործընթացը բարդ է և անհրաժեշտ կլինի առաջիկայում նոր հանդիպում անցկացնել։
Թրամփը գովասանքի խոսքեր է հնչեցրել Զելենսկիի հասցեին՝ վստահություն հայտնելով, որ խաղաղությունը մոտ է․ «Ես վստահ եմ, որ մենք մոտենում ենք, հնարավոր է՝ շատ մոտ ենք։ Կարծում եմ՝ մենք բանակցությունների ավարտական փուլում ենք։ Այն (խմբ․՝ պատերազմը) ավարտվելու է, հակառակ դեպքում շատ երկար կշարունակվի և միլիոնավոր նոր մարդիկ կսպանվեն»։ԱՄՆ նախագահը հայտնել է, որ բանակցությունները շարունակելու նպատակով առաջիկա շաբաթների ընթացքում կհանդիպեն ամերիկյան, ուկրաինական և եվրոպական պատվիրակությունները։ Թրամփի խոսքով՝ հանդիպումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա Վաշինգտոնում։