civilnet.am Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել է 2024-ի դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած Azerbaijan Airlines (AZAL) ավիավթարի միջանկյալ հետաքննության արդյունքները։ Վթարի հետևանքով զոհվել էր 38 մարդ։ Զեկույցում նշվում է, որ ինքնաթիռին հասցված վնասը «ենթադրաբար առաջացել է մարտագլխիկի տարրերի հարվածի հետևանքով»։
Միևնույն ժամանակ զեկույցում ընդգծվում է, որ մարտագլխիկի ծագումը պարզել հնարավոր չի եղել։
Իրականացված «համապարփակ դատաբժշկական փորձաքննության» արդյունքում ինքնաթիռի ներսում պայթուցիկ նյութերի հետքեր չեն հայտնաբերվել։ Սա լրացուցիչ էական փաստարկ է այն նախնական վարկածների դեմ, ըստ որոնց՝ վթարը կարող էր առաջացած լինել ինքնաթիռի ներսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
Ադրբեջանի պետական Azertac լրատվական գործակալությունը գրել է, որ զեկույցը հրապարակվել է ընթացող հետաքննության շրջանակում՝ «Քաղաքացիական ավիացիայի միջազգային կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) 13-րդ հավելվածի պահանջներին համապատասխան»։
«Հետաքննությունն իրականացնում է Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO), Ադրբեջանի, Բրազիլիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Բացի այդ, երեք երկրների՝ Ադրբեջանի, Ղազախստանի և Ռուսաստանի քննչական մարմիններն իրենց իրավասության շրջանակում իրականացնում են նաև քրեական հետաքննություն»,- գրել է Azertac-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ վերջնական զեկույցը, որը պետք է ամփոփեր հետաքննության ամբողջական արդյունքները, դեռ պատրաստ չէր ավիավթարի տարելիցի պահին, այդ պատճառով Ղազախստանը, ICAO-ի պահանջներին համապատասխան, հրապարակել է միջանկյալ հայտարարություն։
Azertac-ի փոխանցմամբ՝ վերջնական զեկույցը կլինի առավել մանրամասն և կներառի «հետաքննության ընթացքում բացահայտված բոլոր փաստական տվյալները, վթարի պատճառների վերլուծությունը, ինչպես նաև նմանատիպ դեպքերը կանխելու վերաբերյալ առաջարկությունները»։
Ավիավթարը հանգեցրել էր Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների աստիճանական սրմանը, որը շարունակվում է գրեթե մեկ տարի։
Հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ներողություն էր խնդրել միջադեպի համար և խոստացել, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ իրավական քայլերը, ինչպես նաև Ռուսաստանը փոխհատուցում կվճարի։
Չնայած այդ խոստմանը՝ Ադրբեջանի դեսպան Ռուսաստանում Ռահման Մուստաֆաևը հինգշաբթի օրը ռուսական Lenta.ru կայքին հայտնել է, որ Ռուսաստանը դեռևս որևէ փոխհատուցում չի վճարել։
«Մենք հույս ունենք, որ այս ողբերգության հետ կապված ֆինանսական փոխհատուցման և մեղավորների պատասխանատվության հարցերն արագ կլուծվեն՝ մեր երկրներին կապող ռազմավարական գործընկերության և դաշնակցային համագործակցության ոգով։ Հոկտեմբերի 9-ին Դուշանբեում ձեռք բերված հայտարարություններն ու պայմանավորվածությունները կարևոր քայլ են այդ ուղղությամբ»,- ընդգծել է Մուստաֆաևը։
Սակայն հաջորդ օրը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը «նամակ է ուղարկել քրեական գործի կարճման վերաբերյալ, ինչը Ադրբեջանում լուրջ զարմանք է առաջացրել»,- գրել է իշխանամետ APA լրատվական գործակալությունը։
Բայրամովը շեշտել է, որ համապատասխան պետական մարմինները կներկայացնեն «համարժեք և մանրամասն դիրքորոշում այդ նամակի վերաբերյալ»։
«Մենք ակնկալում ենք, որ գործընթացը կավարտվի երկու երկրների ղեկավարների միջև տեղի ունեցած քննարկումների տրամաբանության շրջանակում։ Կարծում եմ՝ այս հարցը ևս կստանա իր հստակեցումը»,- ասել է նա։