armenpress.am Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի դեպքից հետո Երևանի քաղաքապետը խզել է պայմանագիրը՝ աղբավայրի կառավարումն իրականացնող տնտեսվարողի հետ, կառավարումն այժմ ամբողջությամբ իրականացնում է քաղաքապետարանը:
Այս մասին ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Անդրադառնալով հրդեհի դեպքին՝ քաղաքապետն ասաց. «Ոչ մեկի անմեղության կանխավարկածը չոտնահարելով՝ արձանագրեմ, որ Նուբարաշենի աղբավայրում այդ դեպքից 1-2 օր առաջ պահակներին մոտեցել էին և շատ տարօրինակ նախադասություններ ասել, թե շուտով այդտեղ բան է փոխվելու: Կարծում եմ՝ շատ տրամաբանական էր մեր այն ենթադրությունը, որ այդտեղ կար մարդկային գործոն: Մենք դրանից հետո խզել ենք այն պայմանագիրը, որ ունեինք տնտեսվարողի հետ, որն իրականացնում էր, այսպես ասած, աղբավայրի կառավարումը: Ամբողջությամբ այդ կառավարումն իրականացնում է քաղաքապետարանը»:
Նա ընդգծեց՝ մտնող և դուրս երկող բոլոր ավտոմեքենաների համար սահմանվել է հստակ վճար, որը վճարվում է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ին, ամբողջ աղբավայրը կահավորվել է, տեղադրվել են անցակետեր, տեսահսկման միջոցներ՝ տեսախցիկներ ամբողջ Նուբարաշենի աղբավայրով, հարթակն ամբողջապես հարթեցվել է:
«Այսօր Նուբարաշենի աղբավայրում, համեմատած մի քանի ամսվա հետ, հեղափոխական մասշտաբների փոփոխություններ ունենք՝ և կառավարման տեսանկյունից, և ընդհանուր ենթակառուցվածքի բարելավման տեսանկյունից»,-նշեց քաղաքապետը:
Ավինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Նուբարաշենի աղբավայրում հոկտեմբերին բռնկվածհրդեհը պատահականություն չէր, այլ դիտավորություն: