Բայդենը պիտի անձամբ ներգրավվեր հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում. Մայքլ Քարփենթեր

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը զրուցել է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Քարփենթերի հետ, որը եղել է ԱՄՆ նախագահ Բայդենի հատուկ օգնականը եւ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով ավագ տնօրենը, իսկ ավելի վաղ՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանն ու մշտական ներկայացուցիչը։

Թեեւ Քարփենթերը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական գործողությունների հետեւանքով տեղի ունեցած էթնիկ զտման շրջանում Սպտակ տանը չէր, նա խոստովանում է, որ իսկապես աղճատում է եղել պաշտոնական Վաշինգտոնի կողմից զսպումների մասին հրապարակային խոսքերի եւ վերջնարդյունքի միջեւ, որը, փաստորեն, ավելի քան 100 հազար մարդու բռնի տեղահանումն էր իրենց տներից։

Քարփենթերը նկատում է՝ ցավալի է, որ չի եղել այնպիսի քաղաքականություն, որը կկարողանար արձագանքել եւ փոխել վարքագծի շարժառիթները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար այդ ժամանակահատվածում․ «Կարծում եմ՝ կարող էին լինել մի շարք քայլեր, որոնք, անկեղծ ասած, տեղի չունեցան»,- նշում է նա։

Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության գագաթնաժողովի շրջանակում Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ նախաստորագրեցին «Խաղաղության համաձայնագիրը»։ Ինքը՝ Քարփենթերը, օգոստոսին ողջունել է Վաշինգտոնի այդ քայլը՝ հիշեցնելով, որ 2024 թվականի հոկտեմբերին այցելել էր Հայաստան եւ Ադրբեջան՝ առաջարկելով նմանատիպ լուծումներ։ Քարփենթերը նաեւ բարձր էր գնահատել ամերիկյան վարչակազմի շեշտադրումը տարածաշրջանային ենթակառուցվածքների վրա։ Այս համատեքստում, խոսելով Բայդենի եւ Թրամփի վարչակազմերի մոտեցումների մասին, Քարփենթերը նշում է, որ դրանք իրականում շատ նման էին․

«Մեծ հաշվով, Թրամփի վարչակազմը հիմնվեց այն դիվանագիտական աշխատանքի վրա, որը իրականացվել էր մեր կողմից նախորդ վարչակազմի ժամանակ»,- մեկնաբանում է Քարփենթերը։ Նա շեշտում է, որ հրամայականը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումն էր, ինչը նրանք նաեւ դիտարկում էին որպես նախերգանք Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար․

«Մենք մի շարք զրույցներ ենք ունեցել Երեւանում եւ Բաքվում, ինչպես նաեւ Անկարայում այն առաջարկի շուրջ, որ մենք կարող ենք իրապես լիարժեք կարգավորել հարաբերությունները, բացել սահմանները, խթանել արեւելք-արեւմուտք կապուղիներն ու առեւտուրը եւ վերջապես դուրս բերել Հայաստանը մեկուսացումից իր անմիջական հարեւաններից եւ, անկեղծորեն, նաեւ միջազգային հանրությունից՝ Հարավային Կովկասում ավելի բարեկամական եւ ջերմ հարաբերությունների հնարավորություն ստեղծելու համար»,- ասում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանը՝ ընդգծելով, որ դրան հասնելու համար առաջին հերթին պետք էր խաղաղության պայմանագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ 

Մատնանշելով, որ Ադրբեջանը մի շարք պայմաններ էր դրել խաղաղության պայմանագրի ստորագրման համար, Քարփենթերը մանրամասնում է, որ այն ժամանակ Պետքարտուղար Թոնի Բլինքենը շատ ժամանակ է ծախսել թե՛ վարչապետ Փաշինյանի, թե՛ նախագահ Ալիեւի հետ պայմանագրի տեքստը քննարկելու վրա՝ տարակարծությունները նվազեցնելու նպատակով․

«Ի վերջո, կողմերը տեքստի շուրջ քննարկումներում մեծ առաջընթաց են գրանցել երկողմ ձեւաչափով, բայց նաեւ ամերիկյան միջնորդության օգնությամբ։ Այն, ինչ մենք էինք դրել սեղանին, կամ այն, ինչ ես դրեցի սեղանին տարածաշրջան կատարած իմ այցի ժամանակ, խթանների շարք էր՝ գործը վերջնակետին հասցնելու համար։ Այդպիսի խթաններ էին Մինսկի խմբի լուծարումը, Կոնգրեսի հետ «907-րդ բանաձեւի» սահմանափակումների շուրջ աշխատելու վարչակազմի առաջարկը, որպեսզի թույլ տանք ավելի հասուն եւ կայուն պաշտպանական հարաբերություններ Ադրբեջանի հետ, բայց նաեւ Հայաստանի հետ ապագայում՝ հաշվի առնելով փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունները, ինչպես նաեւ այց Սպիտակ տուն»։

Հիմնական տարբերությունը, ըստ Քարփենթերի, այն էր, որ Բայդենի վարչակազմը ցանկանում էր տեսնել խաղաղության պայմանագրի վավերացումը, որից հետո պայմանները պետք է ուժի մեջ մտնեին, իսկ Թրամփի վարչակազմը գործի է դրել բազմաթիվ նախաձեռնություններ դեռեւս նախաստորագրման փուլում։

«Այժմ, իհարկե, վճռորոշ հաջորդ քայլը պայմանագրի փաստացի վավերացումն ու հարաբերությունների կարգավորումն է։ Բայց Թրամփի վարչակազմի կողմից արված քայլերի մեջ տրամաբանություն կա․ խոսքը գործընթացին ի սկզբանե թափ հաղորդելու մասին է»,- ասում է Քարփենթերը՝ նշելով, որ հիմա արդեն լրացուցիչ քայլեր են պետք՝ երաշխավորելու, որ խաղաղության պայմանագիրը կվավերացվի եւ խաղաղության պտուղները կերեւան։ 

Խոսելով նախագահ Բայդենի անձնական ներգրավվածության մասին, Քարփենթերը անկեղծորեն քննադատում է նրա վարչակազմը, հատկապես այն բանի համար, որ բավարար բարձր մակարդակի ջանքեր չեն ներդրվել. «Կարծում եմ՝ նախորդ վարչակազմում մենք լուրջ նախապատրաստական աշխատանք կատարեցինք, բայց այնպիսի նշանակալի զարգացումը, ինչպիսին խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որը կավարտեր սառը պատերազմը եւ հիմնովին կվերափոխեր Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզը, պետք է [ընդհանրապես] լինի ԱՄՆ նախագահի իրավասությունը, այլ ոչ թե պետքարտուղարի տեղակալի կամ պետքարտուղարի փոխտեղակալի, կամ իմ պես մարդու, ով ԱԱԽ-ում ավագ տնօրեն էր»։

Միաժամանակ, նա ընդգծում է, որ Թոնի Բլինքենը եւ Ջեյք Սալիվանը ակնառու ներգրավվածություն ունեին տարբեր փուլերում, սակայն քննադատության առարկա է համարում այն, որ նախագահ Բայդենը բավարար չափով չի ներգրավվել գործընթացում։ «Նա միանշանակ անելիք ուներ. կարող էր առնվազն զանգահարել առաջնորդներին եւ պարզել նրանց դիրքորոշումները, հատկապես խաղաղության պայմանագրի տեքստի առանցքային կետերի վերաբերյալ՝ մինչեւ դրանց համաձայնեցումը, ինչպես նաեւ առաջարկել այս նախաձեռնություններից մի քանիսը»,- նկատում է Քարփենթերը։ Վերջինս նշում է նաեւ, որ եթե Քամալա Հարիսը հաղթեր ընտրություններում, նրանք ակտիվորեն առաջ կտանեին այս օրակարգը հաջորդ վարչակազմում։

Ինչ վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքներին, կապուղիներին, Քարփենթերը հաստատում է, որ նրանք քննարկել են մասնավոր ընկերության ներգրավումը Հայաստանի տարածքով կապուղիներ ապահովելու համար․ 

«Շատ խոսակցություններ կային այն մասին՝ դա «միջանցք» է, թե ոչ. ցավոք, դրա մեծ մասը բառախաղ էր»,- նշում է նա՝ շարունակելով,- «վերջիվերջո, մարդիկ խոսում են միջին միջանցքի մասին, եւ ոչ ոք չի պնդում, որ դա որեւէ կերպ կասկածի տակ է դնում երկրների ինքնիշխանությունը։ Եվ այո՛, մենք խոսել ենք այն մասին, որ տեղում ֆասիլիտատորը եւ լոգիստիկ գործառույթներ իրականացնողը կարող է լինել մասնավոր ընկերություն»։ 

Խոսելով TRIPP-ի երկարաժամկետ հեռանկարի մասին, Քարփենթերը մտահոգություններ է արտահայտում. «Շատ բան նախապատրաստված էր․․․ Ու հետո եկավ Թրամփի թիմը եւ նախագահ Թրամփին բնորոշ ոճով իրենց «բրենդի» անունը դրեց դրա վրա, ինչը եւ՛ լավ է, եւ՛ վատ»։ Ըստ զրուցակցի՝ լավ է, եթե նրանք սա ավարտին հասցնեն հաջորդ երեք տարվա ընթացքում, բայց վատ է, եթե սա դիտարկվի որպես Թրամփի «բրենդով» ծրագիր, եւ վարչակազմի փոփոխության դեպքում ենթակառուցվածքների ֆինանսավորման մասով հետաքրքրությունը նվազի։

«Հուսով եմ՝ այդպես չի լինի։ Կարծում եմ՝ ներդրումներից շահույթը իրատեսական է. եթե ծրագիրն իրագործվի, եւ եթե սա իրականում դառնա Արեւելք-Արեւմուտք կապուղիների հիմնական հանգույցներից՝ Արեւելյան Ասիայից Կենտրոնական Ասիայով, Հարավային Կովկասով մինչեւ Եվրոպա ու նաեւ Մերձավոր Արեւելքի հետ կապվելով, ըստ իս՝ զգալի հավանականություն եւ հնարավորություններ կան, բայց մինչ այդ ենթակառուցվածքների մեջ ներդրումների կարիք է լինելու։ Տեսնենք՝ դա տեղի կունենա, թե ոչ»։ 

Անդրադառնալով ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությանը՝ զրուցակիցները նկատում են, որ այն նախորդներից բավականին տարբերվում է։ Քարփենթերը արմատական փոփոխություններ է տեսնում Թրամփի մոտեցման մեջ. 

«Կարծում եմ՝ եթե դուք գտնվում եք Հարավային Կովկասում, ապա հիմնական հետեւությունն այն է, որ Միացյալ Նահանգները Թրամփի վարչակազմի օրոք այլեւս իրեն չի դիտարկում որպես ազատ աշխարհի առաջնորդ»։

Նա շեշտում է, որ ժողովրդավարության խթանման հարցում այլեւս շահագրգռվածություն չկա, եւ վարչակազմը ազատվել է դրա բոլոր՝ տասնամյակներով աշխատող գործիքներից՝ Գլոբալ ներգրավվածության կենտրոնից մինչեւ ԱՄՆ ՄԶԳ, «Ամերիկայի ձայն» եւ «Ազատություն» ռադիոկայան․

«Նրանք [Թրամփն ու իր վարչակազմը] աշխարհը տեսնում են որպես մեծ տերությունների մրցակցության աշխարհ, ինչը ճիշտ է, բայց նրանք չեն տեսնում ԱՄՆ-ի դերը որպես «խաղի կանոններ» սահմանողի»,- մեկնաբանում է Քարփենթերը։ Նա անհանգստություն է հայտնում, որ ԱՄՆ նախորդ վարչակազմերի մոտեցումից արմատական այս շեղումը երկարատեւ վնասակար հետեւանքներ կունենա ԱՄՆ շահերի համար։

Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական հակամարտությանը, ապա այս հարցում Քարփենթերը լավատեսական գնահատականներ չունի։ Նա նկատում է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հիմնարար սկզբունքները պարզապես չեն համընկնում․

«Ուկրաինայի ռազմավարական հրամայականն է պաշտպանել իր ինքնիշխանությունը։ Այն չի ընդունի որեւէ բան, ինչը պակաս կլինի այնպիսի անվտանգության երաշխիքներից, որոնք կհամարվեն բավականաչափ հուսալի իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար»,- ասում է Քարփենթերը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Վլադիմիր Պուտինը չի թույլատրի Ուկրաինայի համար որեւէ հուսալի անվտանգության երաշխիք, որը կխանգարի նրան հասնել իր նպատակին՝ Կիեւին ենթարկել Ռուսաստանի ազդեցությանը։

Քարփենթերը ենթադրում է, որ ամենահավանական արդյունքը պարզապես պատերազմելն է մինչեւ հյուծում, որի արդյունքում կձեւավորվի ինչ-որ ոչ պաշտոնական հրադադար, որը որպես զինադադար չի ձեւակերպվի․ «Այսպիսով, Թրամփի վարչակազմը կարծում է, որ կկարողանա հաջողության հասնել դիվանագիտության միջոցով, բայց տպավորություն կա, որ հիմնարար գործոնները չեն համընկնում նրանց մտադրությունների հետ», – եզրափակում է Մայքլ Քարփենթերը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն