armenpress.am Ռազմական գործողությունները դադարեցնելու համար ուկրաինական կողմը պետք է դուրս բերի իր զինված ուժերը Դոնբասից։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի՝ նախորդ օրը արած հայտարարությունն այն մասին, որ Կիևը պետք է պատասխանատու քաղաքական որոշում կայացնի Դոնբասի վերաբերյալ՝ ռազմական գործողությունները վերջնականապես դադարեցնելու համար։
«Սա նշանակում է ռեժիմի զինված ուժերի դուրսբերում Դոնբասի վարչական սահմաններից այն կողմ», – «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ասել է Պեսկովը։
Մամուլի քարտուղարին հարցրել են, թե արդյոք սա վերաբերում է միայն Դոնբասին, թե՞ Խերսոնի և Զապորոժիեի մարզերին՝ մամուլի քարտուղարը չի հստակեցրել, սակայն հիշեցրել է դեկտեմբերի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը․
«Այստեղ, հավանաբար, տեղին կլինի հիշել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկվա հայտարարությունը, որտեղ նա, դիմելով իր ուկրաինացի զրուցակիցներին, հիշեցրել է նրանց, որ Ուկրաինան կորցնում է հողեր և կշարունակի կորցնել դրանք, և որ վաղվա իրավիճակը տարբեր կլինի այսօրվանից»։
Պեսկովը հայտնել է նաև, որ առաջիկայում սպասվում է նոր հեռախոսազրույց Պուտինի և Թրամփի միջև, որի ժամանակ էլ երկու երկրի ղեկավարները կքննարկեն ուկրաինական հարցով ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին բանակցությունները։