ՀԷՑ-ում ստեղծվել են հանձնաժողովներ «Վարդաշեն» ենթակայանում տեղի ունեցած վթարի հանգամանքները պարզելու համար

«Վարդաշեն» ենթակայանում տեղի ունեցած խոշորամասշտաբ վթարի հետևանքով առանց հոսանքի մնացած բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է «ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Այսօր՝ կեսգիշերն անց, սկսած 02:00-ից հերթականությամբ լարման տակ դրվեցին (էլեկտրամատակարարումը վերականգնվեց) ՀԷՑ-ի լիովին վերազինված և կարգաբերված «Վարդաշեն» ենթակայանից սնվող՝ նախօրեին վթարի հետևանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11.500 բաժանորդները»,-գրել է Պետրոսյանը։

Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ իր կարգադրությամբ ՀԷՑ-ում ձևավորվել է երկու առանձին հանձնաժողով՝ Անվտանգության և վերահսկողության տնօրինությունում և Տեխնիկական տնօրինությունում։ Հանձնաժողովները, իրարից անկախ ուղղություններով՝ անվտանգային-իրավական և էներգետիկ-տեխնիկական, իրականացնում են ներքին հետաքննություն՝ վթարի իրական պատճառները պարզելու, բոլոր հանգամանքները քննելու և հետագա ընթացքը պատշաճ կարգավորելու նպատակով։

Նրա խոսքով՝ զուգահեռաբար ստուգողական և կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել նաև նմանատիպ այլ տասնյակ ենթակայաններում։

«Կրկին անգամ հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կրած անհարմարությունների համար։

Միևնույն ժամանակ, արժանին պետք է մատուցել և շնորհակալությունս եմ հայտնում ՀԷՑ-ի հարյուրավոր աշխատակիցներին ու գործընկեր կազմակերպությունների տասնյակ մասնագետներին՝ 48 ժամից ավելի անխոնջ աշխատանքի և նվիրական ջանքի համար»,-գրել է Պետրոսյանը։

Ռոմանոս Պետրոսյանը նաև հայտնել է, որ նախատոնական և տոնական օրերին ՀԷՑ-ում սահմանվել է 24-ժամյա ուժեղացված հերթապահություն Երևանի բոլոր շահագործման շրջաններում և ՀՀ մարզերի էլեկտրացանցերում՝ քաղաքացիների անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով։

Նրա խոսքով՝ տոնական օրերին չեղարկվել են նաև բոլոր պլանային անջատումները՝ բացառությամբ վթարային անհրաժեշտությամբ պայմանավորված դեպքերի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն