factor.am Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել 22 բանտարկյալի, հաղորդում է «Пул первого» տելեգրամ ալիքը, գրում է Current time-ը։
Նշվում է, որ նրանցից 20-ը դատապարտվել են «ծայրահեղական» հոդվածներով։ Ազատ կարձակվեն 15 կին և 7 տղամարդ, որոնցից 11-ն անչափահաս երեխաներ ունեն։
«Նրանք բոլորը դիմել են պետության ղեկավարին՝ ներման համար, ընդունել են իրենց մեղքը և զղջացել իրենց գործողությունների համար»,- ասվում է հայտարարության մեջ։
«Գարուն» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով՝ 2024 թվականի հուլիսից ի վեր Բելառուսում ներում է շնորհվել 569 քաղբանտարկյալի։ 2025 թվականին, ներումից հետո, Բելառուսից հարկադրաբար հեռացվել է 189 քաղբանտարկյալ։ Սակայն նրանցից մեկը՝ քաղաքական գործիչ Միկալայ Ստատկևիչը, հրաժարվել է լքել Բելառուսը և վերադարձվել է բանտ։ Իրավապաշտպանները «հեռանալու պայմանով ազատ արձակումն» անվանում են քաղաքական ճնշման նոր գործիք և հակասահմանադրական որոշում։