factor.am Կրեմլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վալդայում գտնվող նստավայրի վրա «հարձակման փորձն» անվանել է «բանակցային գործընթացը խափանելուն ուղղված ահաբեկչական գործողություն», գրում է Meduza-ն։
«Դա ուղղված է ոչ միայն անձամբ նախագահ Պուտինի դեմ, այլև կցանկանայի հիշել Զելենսկիի Սուրբ Ծննդյան ուղերձը և այն խոսքերը, որն ասում էր Պուտինի հասցեին։ Այն ուղղված է նաև Թրամփի դեմ, որի նպատակն է խափանել նախագահ Թրամփի ջանքերը՝ նպաստելու ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նովգորոդի մարզում Պուտինի նստավայրի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին հայտարարել էր նախորդ օրը։ Նա հարձակման հաստատում չի տրամադրել։
Խոսելով այս մասին՝ Պեսկովն ասել է․ «Զելենսկին փորձում է հերքել դա, և շատ արևմտյան լրատվամիջոցներ, խաղալով Կիևի ռեժիմի հետ, սկսում են թեման տարածել, թե դա տեղի չի ունեցել։ Սակայն սա լիովին խելագար պնդում է։ Սա անօդաչու թռչող սարքի հարված էր, որը, ՀՕՊ համակարգի լավ համակարգված աշխատանքի շնորհիվ, խոցվել և չեզոքացվել է։ Ինչ վերաբերում է բեկորներին, չեմ կարող ասել։ Դա ավելի շատ մեր զինվորականների գործն է»։