Ի՞նչ է սպասվում քաղաքացիներին հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Կատարողական վարույթի մասին ՀՀ օրենքի ընդունմամբ | iravaban.net

iravaban.net

Հունվարի մեկից ուժի մեջ է մտնելու Կատարողական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության նոր օրենքը, որը բերելու է զգալի փոփոխություններ կատարողական վարույթի իրականացման գործընթացում։ Oրենքի տեքստի համահեղինակ փաստաբան Վահագն Դալաքյանը Շանթ ՀԸ-ի եթերում ներկայացրել է հիմնական փոփոխությունները։

Նրա խոսքով՝ լայն հնարավորություններ են ավելացվել համագործակցաբար, պահանջատիրոջ հետ համագործակցելով, բանակցելով հաշտությամբ դուրս գալ այդ կոնֆլիկտային իրավիճակից։
Նոր օրենքը հնարավորություն է տալիս պահանջատիրոջը բանակցել, օրինակ, բանկի հետ, կազմել ժամանակացույց ցանկացած պայմաններով, որին կողմերը կհամաձայնվեն, ցանկացած ժամկետով և այդ ժամանակացույցը համատեղ ներկայացնել հարկադիր կատարողին, և դա հիմք կլինի հարկադիր կատարողի համար, որ ըստ այդ ժամանակացույցի արդեն գործի և ոչ թե ամբողջությամբ անմիջապես ամբողջ պարտքը բռնագանձի։
Պարտապանին հնարավորություններ են տրվել ինքնուրույնաբար տնօրինելու անգամ արգելանքի տակ եղած գույքը՝ հարկադիր կատարողի թույլտվությամբ։ Օրինակ, եթե կա արգելանքի տակ գտնվող գույք, որը պետք է ենթադրաբար ներկայացվի հարկադիր աճուրդի, հարկադիր կատարողի կատարողի կողմից, պարտապանը այսուհետ կարողանալու է ինքնուրույն գտնել գնորդի և ինքնուրույնաբար դա վաճառել հարկադիր կատարողի թույլտվությամբ,  գործը այդ դեպքում  չի հասնի աճուրդի։ Ընդ որում այդ գնորդը բնականաբար կարող է լինել իր ընկերը, մերձավոր ազգականը, այդ մասով որևէ սահմանափակում չկա։ Այդ դեպքում շուկայական արժեքով նա իրավունք է ստանում իր գույքը ինքնուրույնաբար վաճառել և այդ ստացված գումարներով մարել իր պարտքը հարկադիր կատարողի թույլտվությամբ։
Եթե խոսքը վերաբերում է պարտապանին պատկանող միակ բնակարանին, միակ բնակարանի մասով և հին օրենքով և նոր օրենքով կա արտոնություն, միակ բնակարանը բռնագանձման ենթակա չէ, եթե կառավարության սահմանած շեմից ավելի ցածր արժեք ունի։ Եվ եթե անգամ այդ շեմից բարձր արժեք ունի՝ բռնագանձումից հետո այդ շեմի չափով գումարը վերադարձվում է պարտապանին և կրկին բռնագանձման ենթակա չէ։ Ընդ որում նոր օրենքի հիման վրա արդեն իսկ կառավարությունը թարմացրել է այդ գումարի չափը։ Նախկինում սահմանված էր 4 մլն 900 հազար դրամ, նոր օրենքի հիման վրա սահմանվել է 7 միլիոն 800 հազար դրամ։ Այսինքն 7 միլիոն 800 հազար դրամից ավելի ցածր արժեքով բնակարանը չի կարող դրվել աճուրդի, եթե դա միակ բնակարանն է պարտապանին պատկանող, իսկ եթե դրանից թանկ է, ապա 7 միլիոն 800 հազար դրամը կլինի անձեռնմխելի գումար, այդ գումարը կվերադարձվի պարտապանին։
Դալլաքյանը նշել է, որ նպատակներից մեկն է, ամբողջությամբ թվայնացնել համակարգը։ Էլեկտրոնային վարույթի գործիքակազմի միջոցով, ոչ միայն հարկադիր կատարման ծառայությունը պետք է  հաղորդակցություն ունենա բանկերի կամ այլ պետական մարմինների միջև, այլ նաև հենց կողմերը, պահանջատերը և պարտապանը էլեկտրոնային եղանակով կարող են մուտք գործել համակարգ, իրենց անձնական կաբինետ և տեսնել իրենց վարույթի ընթացքը, դրա վերաբերյալ փաստաթղթերը։ Կարող են ընդհուպ իրենք դիմումներ, միջնորդություններ ներկայացնել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն