Տրանսֆորմատորների մատակարարման պայմանագրից ՀԷՑ-ի հրաժարումը դատարանը համարել է էներգետիկ անվտանգության սպառնալիք | hetq.am

hetq.am

Պետության էներգետիկ անվտանգությանը վերաբերող գործարքը «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) միակողմանի լուծել է, սակայն դատարանն արձանագրել է՝ այն հակասում է թե՛ օրենքին, թե՛ հանրային շահին։ Մասնավորապես՝ տրանսֆորմատորների մատակարարման պայմանագրից հրաժարվելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ պետության համար, ինչն էլ դատարանի համար հիմք է հանդիսացել պայմանագիրը լուծելը ճանաչել անվավեր: Նման վճիռ կայացվել է «Տրանսֆորմատորների գործարան ամպեր» ՓԲԸ-ի հայցի հիման վրա:

«Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում 2024թ. փետրվարին հրապարակվել է ընկերության կարիքների համար ուժային տրանսֆորմատորների մատակարարման բաց հարցման ծանուցում։ Հրավերի արդյունքների ամփոփմամբ հաղթող է ճանաչվել «Տրանսֆորմատորների գործարան ամպեր» ՓԲԸ-ն և ՀԷՑ-ի հետ 2024թ. մարտին կնքվել է տրանսֆորմատորների մատակարարման պայմանագիր: Մատակարարման ենթակա ապրանքը եղել է 2 հատ բարձր լարման ուժային տրանսֆորմատոր, ընդհանուր՝ 420 մլն դրամ արժեքով։

ՀԷՑ-ը պարտավորվել է վճարել ապրանքի գնի 50 տոկոսը որպես կանխավճար, սակայն 210 մլն դրամից վճարվել է միայն 100 մլն դրամը, իսկ մնացած մասն այդպես էլ չի վճարվել:

Պայմանագրի համաձայն՝ տրանսֆորմատորների մատակարարման սկզբնական ժամկետը սահմանվել է 2024թ. նոյեմբերի 1-ը: Սակայն, 2025թ. հունվարի 13-ին կողմերի միջև կնքվել պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին լրացուցիչ համաձայնագիրը, որով ապրանքի մատակարարման ժամկետ է սահմանվել 2025թ. սեպտեմբերի 1-ը։ Նույն տարվա օգոստոսի 8-ին գործարանը ծանուցել է ՀԷՑ-ին մատակարարման ժամկետը եռամսյա ժամկետով երկարաձգելու մասին: Պատճառն այն է, որ տրանսֆորմատորները նախագծվել են ուկրաինական «Զապորոժտրանսֆորմատոր» ընկերության կոնստրուկտորների մասնակցությամբ, իսկ նշված գործարանի ռմբակոծման հետևանքով մատակարարման ենթակա ապրանքների որոշ բաղադրիչների ներմուծման առնչությամբ առաջացել են դժվարություններ: Այդ պատճառով էլ «Տրանսֆորմատորների գործարան ամպեր» ՓԲԸ-ն ստիպված է եղել պատվիրել նշված դետալներն այլ անձանցից։

Սակայն ողջամիտ ժամկետում պատասխան չստանալով՝ «Տրանսֆորմատորների գործարան ամպեր» ՓԲԸ-ն 2025թ. սեպտեմբերի 30-ին, հիմք ընդունելով պայմանագրով սահմանված իրավակարգավորումը, ինչպես էլեկտրոնային եղանակով, այնպես էլ փոստով ծանուցել է ՀԷՑ-ին՝ պայմանագրի կետը միակողմանիորեն փոփոխելու մասին: Դրանից հետո ապրանքի մատակարարման ժամկետը փոփոխվել է 2025թ․ դեկտեմբերի 10-ը։ ՀԷՑ-ը, ստանալով փոփոխման ծանուցումը, հայտնել է, որ ապրանքի մատակարարման ժամկետները բազմիցս խախտելու հիմքով լուծում է պայմանագիրը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն