arm.sputniknews.ru ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Խերսոնի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մասին լուրերով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը նախկինի պես խորապես մտահոգված է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճով և քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտների և նավահանգիստների ոչնչացմամբ ինչպես Ուկրաինայում, ինչպես նաև ՌԴ- ում շարունակվող հարձակումների հետևանքով» – ասել է Դյուժարիկը:
Նա նշել է, որ գլխավոր քարտուղարն անհանգստացած է նաև Խերսոնի մարզում հարձակման մասին հաղորդագրություններով, որոնք, սակայն, ՄԱԿ-ը չի կարող ստուգել հասանելիություն չունենալու պատճառով:
«Քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներն արգելված են միջազգային իրավունքով։ Որտեղ էլ որ դրանք տեղի ունենան, անընդունելի են և պետք է դադարեցվեն»,- ընդգծել է Դյուժարիկը։
Գուտերեշը նաև կոչ է արել հրադադար հաստատել Ուկրաինայում:
Հիշեցնենք, ըստ ռուսական կողմի, Ուկրաինայի զինուժը Ամանորի գիշերը ԱԹՍ–ներով թիրախային հարված է հասցրել Սև ծովի ափին գտնվող Խորլի բնակավայրի սրճարանին և հյուրանոցին, որտեղ խաղաղ բնակիչները դիմավորել են Ամանորը: ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ զոհվել է 28 մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Խերսոնի շրջանում հյուրանոցին հարվածելուն ուկրաինական ուժերի մասնակցության մասին հայտարարությունները: