Վենեսուելան լուրջ ռազմական ագրեսիայի է ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից՝ հայտարարել է Հանրապետության արտգործնախարարությունը:
«Այս հարձակման նպատակը Վենեսուելայի ռազմավարական ռեսուրսների, մասնավորապես՝ նավթի և օգտակար հանածոների զավթումն է՝ նպատակ ունենալով բռնի կերպով խաթարել երկրի քաղաքական անկախությունը։ Դա նրանց չի հաջողվի։ Ավելի քան երկու հարյուր տարվա անկախությունից հետո ժողովուրդը և նրա օրինական կառավարությունը շարունակում են անսասան մնալ ինքնիշխանության և սեփական ճակատագիրը որոշելու անքակտելի իրավունքի պաշտպանության հարցում»,- ասված է հայտարարության մեջ:
Նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին՝ «բնակչության իրավունքների պաշտպանության, հանրապետության ինստիտուտների լիարժեք գործունեության և զինված պայքարի անհապաղ անցման համար»:
Վենեսուելային հարվածների ֆոնին Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն կոչ է արել ՄԱԿ-ի և Ամերիկյան պետությունների կազմակերպության շտապ նիստեր անցկացնել: Նրա խոսքով՝ Վենեսուելային հրթիռային հարվածները լուրջ ազդակ են ամբողջ աշխարհի համար:
ԱՄՆ պաշտոնյան Reuters-ին հաստատել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելայի տարածքին:
Նշենք, որ ԱՄՆ նախագահը բազմիցս սպառնացել է ցամաքային հարվածներ հասցնել Լատինական Ամերիկայի տարածաշրջանում գործող թմրակարտելներին, այդ թվում՝ Վենեսուելայում գործողներին, որոնց նա անվանել է «թմրանյութային ահաբեկիչներ»։
Թրամփը, առանց որևէ ապացույց ներկայացնելու, պնդել է, որ Վենեսուելայի նախագահ Մադուրոն ղեկավարում է թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող կազմակերպություն, որի նպատակը ԱՄՆ-ն ապակայունացնելն է՝ այն թմրանյութերով հեղեղելու միջոցով։