Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Նյու Յորք բերվելուց հետո տեղափոխվել է ամերիկյան բանտ:
Լուսանկարներն և տեսանյութերում երևում է, թե ինչպես են դաշնային գործակալները Մադուրոյինն՝ ձեռնաշղթաներով և սանդալներով, ուղեկցում Նյու Յորքի ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության շենք՝ ընթացակարգերն անցնելու համար, ապա տեղափոխվել Բրուքլինում գտնվող բարձր անվտանգության կալանքի կենտրոն:
Fox news-ի սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում 63-ամյա Մադուրոն, դիմելով լրագրողներին, ասում է. «Բարի գիշեր, շնորհավոր Նոր տարի»:
Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Մադուրոն նախ տեղափոխվել է Կուբայի Գուանտանամո ամերիկյան բազա, այնուհետև Նյու Յորքի Օրինջ շրջանում գտնվող Ստյուարտ ռազմաօդային ուժերի Ազգային գվարդիայի բազա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 3-ի երեկոյան հայտարարել է, որ ԱՄՆ-ն գերեվարել է Մադուրոյին Վենեսուելային հասված հարվածների ժամանակ, որոնք Մոսկվան և այլ երկրներ դատապարտում են:
Մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահը խոսել է Վենեսուելայում Մադուրոյին գրավելու նպատակով իրականացված ռազմական գործողության մասին՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները ժամանակավորապես կկառավարի հարավամերիկյան երկիրը «այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք կարողացել իրականացնել անվտանգ, պատշաճ և ողջամիտ անցումային շրջան»:
Այս պահին Վենեսեուելայում, ըստ հաղորդումների, իշխանության ղեկին են Մադուրոյի գլխավոր օգնականները, այդ թվում՝ փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը: Թրամփն իր աջակցությունն է հայտնել Ռոդրիգեսին՝ ասելով, որ նա, ըստ էության, պատրաստ է անել այն, ինչ ինքը կարծում է, որ անհրաժեշտ է Վենեսուելան կրկին հզորացնելու համար:
Ռոդրիգեսը, սակայն, Մադուրոյին անվանել է Վենեսուելայի «միակ նախագահ», իսկ ԱՄՆ-ի հարվածները՝ սարսափելի բիծ երկու երկրների հարաբերությունների վրա:
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն, որն անցյալ տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի էր արժանացել, հայտարարել է, որ «ազատության ժամը եկել է»։
ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտնել է, որ Մադուրոյին և նրա կնոջը, որը նույնպես ձերբակալվել է, Նյու Յորքում քրեական մեղադրանքներ են առաջադրվել թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների համար:
Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի հարվածները և Մադուրոյի գերեվարումը խստորեն դատապարտել են Կարակասի որոշ դաշնակիցներ, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով ասել է, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները վտանգավոր նախադեպ են ստեղծում:
Լրատվական գործակալությունները, հղում անելով աղբյուրներին, հայտնել են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 5-ի առավոտյան ժամը 10-ին կհավաքվի՝ քննարկելու ԱՄՆ-ի գործողությունը: Կոլումբիան, որին աջակցում են Ռուսաստանն ու Չինաստանը, դիմել է նիստի անցկացման խնդրանքով:
Տեսանյութը՝ Փոլ Մաուրոյի / Fox news