Պեկինում նշել են, որ ԱՄՆ-ի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը:
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն պետք է անհապաղ ազատ արձակի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա տիկնոջը՝ Սիլիա Ֆլորեսին: Այս մասին ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին ապահովել նախագահ Մադուրոյի և նրա կնոջ անձնական անվտանգությունը, անհապաղ ազատ արձակել նրանց, դադարեցնել Վենեսուելայում քաղաքական իշխանությունը խաթարելու փորձերը և հարցերը լուծել երկխոսության ու բանակցությունների միջոցով», – նշել են ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Պեկինում մտահոգված են ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահի և նրա կնոջ հարկադիր ձերբակալությամբ: Չինաստանի ԱԳՆ-ում ընդգծել են, որ ԱՄՆ-ի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը, ինչպես նաև հակասում են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին:
Նշենք, որ Վենեսուելայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա հունվարի 5-ին։
Հիշեցնենք` հունվարի 3-ին ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:
Մադուրոյին առևանգելու արտակարգ ռազմական գործողությունը կոչվել է «Կեսգիշերային մուրճ», այն շարքից հանել է Վենեսուելայի բոլոր ռազմական հնարավորությունները: Թրամփը հայտարարել է, որ Մադուրոն և նրա կինը ԱՄՆ-ում կկանգնեն ամերիկյան արդարադատության առջև և «կզգան դրա ողջ ուժը»: Ավելի ուշ Սպիտակ տան տերը նաև հայտարարել է, որ Վենեսուելայում ժամանակավոր ամերիկյան վարչակազմ կհաստատվի, նախքան այնտեղ պայմաններ կստեղծվեն իշխանության խաղաղ և արդար փոխանցման համար: