ԱՄՆ-ն հայտարարել է Կարիբյան ավազանի օդային տարածքի սահմանափակումների վերացման մասին | news.am

news.am

ԱՄՆ-ը տեղեկացրել է ավիաընկերություններին, որ Կարիբյան ավազանի օդային տարածքի սահմանափակումները կավարտվեն կեսգիշերին՝ արևելյան ժամանակով (05:00 GMT), և թռիչքները կարող են վերսկսվել՝ ըստ ժամանակացույցի օպերատիվ թարմացումների։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է տրանսպորտի նախարար Շոն Դաֆին, տեղեկացնում է Reuters-ը։

Ըստ լրատվամիջոցի, ԱՄՆ-ի հարձակման և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման հետևանքով միջազգային ավիաընկերությունները չեղարկել են հարյուրավոր չվերթներ։

Խոշոր փոխադրողներ United Airlines-ը և Delta-ն պատրաստվում են կիրակի օրվանից վերսկսել թռիչքները Կարիբյան երկրներ։

Այնուամենայնիվ, նույնիսկ սահմանափակումների վերացումից հետո ավիաընկերություններին մի քանի օր կպահանջվի նորմալ աշխատանքը վերականգնելու համար, նշել է ավիաընկերությունների վերլուծաբան Ռոբերտ Մանը՝ հավելելով, որ «իրենք դեռ մեկ օրվա ուղևորներ ունեն», որոնք մնացել են Կարիբյան ավազանում։

American Airlines, Delta, United, Frontier Airlines, Spirit Airlines և JetBlue Airways ընկերությունները չեղարկել էին թռիչքները՝ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության (FAA) կողմից Կարիբյան ավազանի օդային տարածքի փակման պատճառով։ JetBlue-ն չեղարկել է 215 չվերթ, հայտնել է ընկերության ներկայացուցիչը։ FAA-ն իր ծանուցագրում նշել է, որ փակել է օդային տարածքը ամերիկյան փոխադրողների համար «թռիչքների անվտանգության հետ կապված ռիսկերի պատճառով, որոնք պայմանավորված են շարունակվող ռազմական գործողություններով»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն