Փաշինյանը եւ 10 հոգեւորականները «եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին» հայտարարություն են ստորագրել

Նիկոլ Փաշինյանն ու նրան աջակցող 10 բարձրաստիճան հոգեւորականները վարչապետի կեցավայրում հայտարարություն են ստորագրել, որը բովանդակում է, ըստ տեքստի, ճանապարհային քարտեզ կաթողիկոսի հեռացման, նոր կանոնադրության ընդունման եւ այլնի վերաբերյալ։

Հայտարարության տեքստի լուսանկարները հրապարակել է Նիկոլ Փաշինյանը։ Հայտարարության մեջ ասված է․

«Հայտարարություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման

Մենք՝ ներքոստորագրյալներս,

– հավատալով եւ հավատարիմ լինելով մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի վարդապետությանը, սրբոց Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ սերմանված հավատին, Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Գ Մեծ Հայոց թագավորի ջանքերով հիմնադրված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սրբազան Ավանդությանը,

– ընդգծելով Հայաստանի Հանրապետության արժեքահենք հանրության զարգացման և ազգային ինքնության պահպանման կենսական գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանցքային դերն ու նշանակությունը,

– մտահոգված լինելով Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու փաստացի պետի եւ նրա ձեւավորած մերձավոր շրջապատի ներկայացուցիչների կողմից Ավետարանի սկզբունքներով ապրելու և քարոզելու առաքելության ձախողմամբ, հոգեւոր կյանքի խաթարմամբ, բարքերի այլասերման աղաղակող փաստերի նկատմամբ հանդուրժողականության դրսեւորմամբ,

– դատապարտելով եւ անընդունելի համարելով Եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու, այն տարբեր
օրակարգերի և օտար շահերի ծառայեցնելու հակականոնական գործելակերպը,

– արձանագրելով, որ Եկեղեցու կամայական կառավարումը եւ խտրականությունը հանգեցրել են հոգեւոր կյանքի բնականոն ընթացքի խաթարման, Եկեղեցու ներսում պառակտումների, ազգային հոգևոր արժեքների հետընթացի,

– ընդունելով եւ ճանաչելով մեր բաժին մեղավորությունը եւ պատասխանատվությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում ստեղծված այս իրավիճակի համար եւ ապաշխարությամբ վերափոխվելու անհրաժեշտությունը,

– համոզված լինելով, որ արժեքահենք հասարակության տեսլականը հնարավոր չէ կյանքի կոչել առանց մեր արժեհամակարգային կենտրոնի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման,

Հայտարարում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին, որը կիրականացվի հետեւյալ ճանապարհային քարտեզով.

1. բարենորոգման օրակարգի հանրահռչակում,
2. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում),
3. Սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն,
4. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում․ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության եւ հոգետրականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր,
5. Սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականաց դասին եւ բոլոր հետեւորդներին կոչ ենք անում աջակցել, միանալ Եկեղեցու բարենորոգմանը, համախմբվել այս նպատակի շուրջ՝ հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հանուն Հայաստանի Հանրապետության եւ մեր ժողովրդի:

Մենք՝ ներքոստորագրյալներս ձեւավորում ենք Համակարգող խորհուրդ, որին վերապահում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ:

Սույն կազմը կարող է ընդլայնվել Համակարգող խորհրդի միաձայնությամբ:

(Ստորագրել են,- խմբ․)

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ
Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան
Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան
Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյան
Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան (համաձայնեցված է)
Տ. Անուշավան եպիսկոպոս ժամկոչյան
Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյան
Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյան»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն