armenpress.am: Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, արձագանքելով Գրենլանդիան ԱՄՆ-ի հսկողության տակ առնելու նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությանը, հիշեցրել է, որ կղզին Դանիայի Թագավորության մաս է՝ կոչ անելով Միացյալ Նահանգներին դադարեցնել սպառնալիքները։
«Միացյալ Նահանգները իրավունք չունի անեքսիայի ենթարկել երեք ինքնավար մասերից (խմբ․- Դանիա, Գրենլանդիա և Ֆարերյան կղզիներ) և ոչ մեկը: Դանիայի թագավորությունը, և, հետևաբար, Գրենլանդիան, ՆԱՏՕ-ի մաս է կազմում և, հետևաբար, Դաշինքի անվտանգության երաշխիքների տակ է գտնվում: Մենք արդեն ունենք պաշտպանական համաձայնագիր Թագավորության և Միացյալ Նահանգների միջև, որը ԱՄՆ-ին լայն հասանելիություն է տալիս Գրենլանդիա։ Իսկ մենք Թագավորության կողմից զգալի ներդրումներ ենք կատարել Արկտիկայի անվտանգության մեջ:
Հետևաբար, ես կոչ եմ անում Միացյալ Նահանգներին դադարեցնել սպառնալիքներ հնչեցնել պատմականորեն մտերիմ դաշնակցի, ինչպես նաև մեկ այլ երկրի և մեկ այլ ժողովրդի դեմ, որոնք շատ հստակ հայտարարել են, որ չեն վաճառվում»,- ասվում է Դանիայի վարչապետի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան կողմի հավակնությունների մասին՝ նշելով, թե կղզին ԱՄՆ-ին պետք է անվտանգության նկատառումներից ելնելով։
2025 թվականի դեկտեմբերի վերջին Թրամփը նշանակել է Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնացի, ինչը խստորեն դատապարտվել է Դանիայի կողմից։
Ե՛վ Գրենլանդիան, և՛ Դանիան, որը ՆԱՏՕ-ի կազմում ԱՄՆ-ի դաշնակիցն է, կտրականապես դեմ են այդ գաղափարին։