armenpress.am: Չինաստանը հետևողականորեն դեմ է ուժի սպառնալիքին կամ ուժի կիրառմանը, ինչպես նաև մեկ երկրի կողմից սեփական կամքի պարտադրմանը մյուս երկրի վրա։ Ինչպես հաղորդում է Xinhua լրատվական գործակալությունը, այս մասին հունվարի 4-ին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ անդրադառնալով Վենեսուելայում ստեղծված իրադրությանը։
ԱԳ նախարարը նշել է, որ ներկայիս միջազգային իրավիճակը դարձել է ավելի անկայուն և փոխկապակցված։
Վան Իի խոսքով՝ Վենեսուելայում ստեղծված իրավիճակի հանկարծակի փոփոխությունը գրավել է միջազգային հանրության ուշադրությունը։ «Մենք երբեք չենք կիսել այն տեսակետը, որ որևէ երկիր կարող է խաղալ համաշխարհային ոստիկանի դեր կամ ներկայանալ որպես միջազգային դատավոր», – նշել է Վան Ին՝ շեշտելով, որ բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու անվտանգությունը պետք է ամբողջովին պաշտպանված լինեն միջազգային իրավունքով։
Չինաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ իրենք մտադիր են աշխատել միջազգային հանրության հետ՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը վճռականորեն պաշտպանելու, միջազգային բարոյականության սկզբունքները պահպանելու, բոլոր երկրների ինքնիշխանության հավասարությունը պահպանելու, համաշխարհային խաղաղությունն ու զարգացումը համատեղ պաշտպանելու և մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնքի կառուցումը խթանելու համար։
ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը հունվարի 2-ի գիշերը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մտել էին Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։ Նրանց տեղափոխել են ԱՄՆ՝ Նյու Յորք, որտեղ զույգը կանգնելու է դատարանի առաջ թմրանյութերի հետ կապված ահաբեկչության, կոկաինի ներմուծման, զենքի ապօրինի պահման մեղադրանքներով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կարակասում ԱՄՆ հատուկջոկատայինների իրականացրած օպերացիայից ու Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես կկառավարի Վենեսուելան, մինչև այդ երկրում կհաստատվի ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն։ Թրամփը հայտարարել է նաև Վենեսուելայի նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։