armenpress.am: Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսն առաջնահերթ խնդիր է համարել Միացյալ Նահանգների հետ հավասարակշռված և հարգալից հարաբերությունները և Վաշինգտոնին առաջարկել է աշխատել համատեղ օրակարգի շուրջ։
«Մենք առաջնահերթ խնդիր ենք համարում ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև, ինչպես նաև Վենեսուելայի և տարածաշրջանի երկրների միջև հավասարակշռված և հարգալից միջազգային հարաբերությունները՝ հիմնված ինքնիշխան հավասարության և չմիջամտության վրա: Այս սկզբունքներն են ուղղորդում մեր դիվանագիտությունն աշխարհի մնացած երկրների հետ մեր փոխգործակցության հարցում»,- ասված է Ռոդրիգեսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա Telegram ալիքում։
Նա ԱՄՆ-ին առաջարկել է «համատեղ աշխատել համագործակցության օրակարգի շուրջ՝ միտված համատեղ զարգացմանը»՝ հաշվի առնելով միջազգային իրավունքը։
Ռոդրիգեսն ընդգծել է, որ Վենեսուելան կողմնակից է «խաղաղությանը և խաղաղ համակեցությանը» և ցանկանում է ապրել «առանց արտաքին սպառնալիքների»: «Նախագահ Դոնալդ Թրամփ, մեր ժողովուրդները և մեր տարածաշրջանն արժանի են խաղաղության և երկխոսության, այլ ոչ թե պատերազմի: Սա եղել և մնում է նախագահ Նիկոլաս Մադուրոյի դիրքորոշումը, և սա է ամբողջ Վենեսուելայի դիրքորոշումն այս պահին», – հավելել է նա։
ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը հունվարի 3-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մտել էին Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։ Նրանց տեղափոխել են ԱՄՆ՝ Նյու Յորք, որտեղ զույգը կանգնելու է դատարանի առաջ թմրանյութերի հետ կապված ահաբեկչության, կոկաինի ներմուծման, զենքի ապօրինի պահման մեղադրանքներով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կարակասում ԱՄՆ հատուկջոկատայինների իրականացրած օպերացիայից ու Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ–ն ժամանակավորապես կկառավարի Վենեսուելան, մինչև այդ երկրում կհաստատվի ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն։ Թրամփը հայտարարել է նաև Վենեսուելայի նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։