armenpress.am: Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունների առնչությամբ Եվրամիությունը կողմերին կոչ է արել հանգստություն և զսպվածություն պահպանել էսկալացիայից խուսափելու և ճգնաժամի խաղաղ կարգավորումն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
«ԵՄ-ն հիշեցնում է, որ բոլոր հանգամանքներում պետք է պահպանվեն միջազգային իրավունքի սկզբունքները և ՄԱԿ-ի կանոնադրությունը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հատուկ պատասխանատվություն են կրում՝ պահպանելու այս սկզբունքները՝ որպես անվտանգության միջազգային ճարտարապետության հիմնասյուներ»,- ասվում է Կալասի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունվարի 4-ի երեկոյան։
Հայտարարության մեջ նշվում է, որ Բրյուսելը բազմիցս խոսել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ոչ լեգիտիմ լինելու մասին և հանդես եկել երկրում ժողովրդավարությանը խաղաղ անցման օգտին՝ հարգելով այդ երկրի ինքնիշխանությունը։
Կալասը հայտնել է, որ ԵՄ-ն սերտ կապ է պահպանում ԱՄՆ-ի, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային գործընկերների հետ՝ «աջակցելու և նպաստելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ երկխոսությանը, որը կօգնի լուծելու ճգնաժամը համաձայնեցված, ժողովրդավարական, ներառական և խաղաղ ճանապարհով՝ վենեսուելացիների գլխավորությամբ»։
ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Վենեսուելայում ներկայում պահվող բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։