Կոլումբիայի նախագահը Թրամփի հայտարարությունից հետո հայտնել է զենք վերցնելու և հայրենիքը պաշտպանելու պատրաստակամության մասին | armenpress.am

armenpress.am: Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ պատրաստ է զենք վերցնել իր հայրենիքը պաշտպանելու համար՝ վստահություն հայտնելով, որ երկրի ժողովուրդը կսատարի իրեն, եթե Միացյալ Նահանգները փորձի ձերբակալել իրեն, ինչպես արեց Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի դեպքում։

«Չնայած երբեք զինվոր չեմ եղել, ես գիտեմ, թե ինչ են պատերազմը և ընդհատակյա պայքարը։ Ես երդվել եմ այլևս երբեք զենք չվերցնել 1989 թվականի խաղաղության համաձայնագրից հետո, բայց հանուն իմ հայրենիքի ես կրկին զենք կվերցնեմ, թեպետ չեմ ցանկանում», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, X-ի իր էջում գրել է Պետրոն, ով երիտասարդության տարիներին եղել է ձախակողմյան «Ապրիլի 19-ի շարժում» (M-19) կազմակերպության անդամ։

Նա նաև վստահություն է հայտնել, որ Կոլումբիայի ժողովուրդը պատրաստ է պաշտպանել իրեն։

«Ես ոչ ապօրինի եմ, ոչ էլ թմրանյութերի վաճառքով զբաղվող, ես որպես ակտիվ ունեմ միայն իմ ընտանեկան տունը, որի համար դեռ վճարում եմ իմ աշխատավարձով։ Իմ բանկային հաշվետվությունները հրապարակվել են։ Ոչ ոք չի կարող ասել, որ ես իմ աշխատավարձից ավելին եմ ծախսել։ Ես ագահ չեմ»,- ասել է նա։

Կոլումբիայի նախագահը տեղեկացրել է, որ հրամայել է աշխատանքից ազատել ոստիկանության հետախուզական ծառայությունից մի քանի գնդապետների՝ «ի վնաս պետության կեղծ տեղեկություններ փոխանցելու համար»։ «Հուսով եմ, որ [ԱՄՆ պետքարտուղար Մարկո] Ռուբիոն չի հավատում այս հորինվածքներին», – հավելել է Պետրոն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 4-ին լրագրողների հետ զրույցում չէր բացառել Կոլումբիայում թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի պատրվակով ռազմական գործողություն անցկացնելու հնարավորությունը։ «Կոլումբիան ևս շատ հիվանդ է, այն կառավարում է հիվանդ մարդ, որը սիրում է կոկաին արտադրել ու վաճառել այն Միացյալ Նահանգներին։ Եվ նա երկար չի շարունակելու դա անել»,- CNN-ի փոխանցմամբ, ասել էր Թրամփը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե արդյոք դա ենթադրում է, որ ամերիկյան ռազմական ուժերը կարող են ապագայում գործողություն իրականացնել Կոլումբիայում՝ Թրամփն ասել է․ «Վատ չի հնչում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն