ԵՄ 26 երկիր զսպվածության և Վենեսուելայի շուրջ նոր ճգնաժամից խուսափելու կոչ է արել | azatutyun.am

azatutyun.am Եվրամիության 26 երկրներ հորդորել են ցուցաբերել զսպվածություն և խուսափել Վենեսուելայի շուրջ նոր ճգնաժամից։

Արձանագրելով, որ Բրյուսելը Նիկոլաս Մադուրոյին չի ճանաչել որպես լեգիտիմ ընտրված առաջնորդ, հայտարարությունը միաժամանակ ընդգծում է, թե «ամեն դեպքում պետք է պահպանվեն միջազգային իրավունքի սկզբունքները և ՄԱԿ-ի կանոնադրությունը», հավելելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները այս հարցում հատուկ պատասխանատվություն ունեն։

«ԵՄ-ն համամիտ է կազմակերպված հանցագործության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի կարևորությանը, միաժամանակ այս մարտահրավերները պետք է լուծվեն միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սկզբունքների հանդեպ լիակատար հարգանքի և շարունակական համագործակցության միջոցով»,- ասված է հայտարարության մեջ, որին միացել են եվրոպական ընտանիքի 26 անդամները՝ Հունգարիայից բացի։

ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը հունվարի 3-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մտել են Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կարակասում ԱՄՆ հատուկջոկատայինների իրականացրած օպերացիայից ու Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես կկառավարի Վենեսուելան, մինչև այդ երկրում կհաստատվի ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն։ Թրամփը հայտարարել է նաև Վենեսուելայի նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն