Ադրբեջանը 2026 թվականին կսկսի գազ մատակարարել Եվրոպայի ևս երկու երկրի | news.am

news.am Ադրբեջանը պլանավորում է 2026 թվականին գազի մատակարարումներն ավելացնել ևս երկու եվրոպական երկրներում, այդպիսով ներմուծող երկրների ընդհանուր թիվը հասցնելով 16-ի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մեր գազի արտահանումն աճում է ինչպես ծավալների, այնպես էլ աշխարհագրական ընդգրկման առումով։ Այս պահին մենք գազ ենք մատակարարում 14 երկրի, որոնցից 11-ին՝ կանոնավոր հիմունքներով», – տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ կան երկրներ, որոնք ադրբեջանական գազ են ստացել 2024 թվականին, սակայն այնուհետև դադարեցրել են գնումները՝ այլ աղբյուրների առկայության պատճառով։

«Բայց սա յուրօրինակ մատակարարում է՝ ըստ պահանջի. երբ նրանց պետք է, մենք սկսում ենք մատակարարումը, երբ պետք չէ, դադարեցնում ենք։ Բայց ընդհանուր առմամբ, Ադրբեջանից խողովակաշարային գազի աշխարհագրական ընդգրկումը կազմում է 14 երկիր, և այս տարի դրանց կավելանան եվրոպական ևս երկու երկրներ։ Այսպիսով, ընդհանուր թիվը կլինի 16, և սա խողովակաշարային գազի մատակարարումների ամենամեծ քանակն է», – նշել է Ադրբեջանի նախագահը։

Իլհամ Ալիևն ընդգծել է, որ «աշխարհի և ոչ մի այլ երկիր այնքան շատ պետությունների խողովակաշարային գազ չի մատակարարում, որքան Ադրբեջանը»։

«Անցյալ տարի մեր արտահանումը կազմել է ավելի քան 25 միլիարդ խորանարդ մետր՝ աճի պոտենցիալով», – ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն