Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը՝ ծառայություններ մատուցելով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հալեպում ՀՀ հյուպատոսությունը:
«Հյուպատոսական ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում գործում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետևյալ հեռախոսահամարները.
+963 964 422 005, +963 942 000 690»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է, ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են։
Սիրիայի ՊՆ-ն հայտարարել է, որ քրդական ուժերը շարունակել են «էսկալացիան»՝ թիրախավորելով Հալեպի բանակային դիրքերն ու բնակելի շրջանները: Քրդական ուժերը մինչդեռ հերքում են պատասխանատվությունը՝ նշելով, որ զոհերի պատճառը Դամասկոսի կառավարության հետ կապված խմբավորումների կողմից «անխնա» հրետանային և հրթիռային գնդակոծություններն են:
Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանը հայտնել է, որ քրդական երկու շրջաններ անմիջապես հարակից են հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողությունները զգալիորեն ազդում են նաև հայկական համայնքի վրա։