Սիրիական բանակը պատրաստվում է «զանգվածային հարձակման»․ քրդական թաղամասերի բնակիչներին ժամանակ է տրվել տարածքը լքելու համար

Հունվարի 7-ի առավոտից Հալեպում իրավիճակը համեմատաբար հանգիստ է․ քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և կառավարական ուժերի միջև բախումների հետևանքով ակտիվ ռազմական գործողություններ չեն ընթանում։

Չնայած դրան, ըստ «Գանձասար» պարբերականի, Սիրիական բանակը հունվարի 7-ին Հալեպի Շեյխ Մակսուդ և Աշրաֆիե քրդաբնակ թաղամասերը հայտարարել է ռազմական գոտի և կոչ է արել այդ թաղամասերի բնակիչներին, որտեղ ընթանում են ռազմական գործողությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, լքել տարածքը և հեռանալ բախումների վայրերից։ Քրդական այս թաղամասերից բնակչությանը դուրս գալու համար տրվել է մի քանի ժամ ժամանակ։

Քրդական տեղական լրատվամիջոցները իրենց հերթին հայտնում են, որ սիրիական բանակը քրդական շրջանների դեմ «զանգվածային հարձակման» է պատրաստվում։

Հալեպի նահանգապետարանի երեկվա հայտարարության համաձայն այսօր դպրոցներում, համալսարաններում և պետական գրասենյակներում աշխատանքը դադարեցվել է։ Իսկ Սիրիայի Քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի գլխավոր վարչությունը հայտարարել է դեպի Հալեպի օդանավակայան և այնտեղից չվերթերը 24 ժամով դադարեցնելու մասին։

Նշենք նաև, որ քրդական երկու շրջաններ անմիջապես հարակից են հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողությունները զգալիորեն ազդում են նաև հայկական համայնքի վրա։ Ըստ «Արմենպրես»-ի, նախնական տեղեկություններով, երեկվանից ընթացող բախումների հետևանքով հայեր չեն զոհվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն