Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան կվճարի Միքայել Միքայելյանի տուգանքը «Ադրբեջան» գրառումը փակելու համար

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան կվճարի Միքայել Միքայելյանի տուգանքը «Ադրբեջան» գրառումը փակելու համար

Դահուկորդ Միքայել Միքայելյանի տուգանքը կվճարի Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան։ Այդ մասին հայտարարել է ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը։

Ավելի վաղ Հայաստանի առաջատար դահուկորդը տուգանվել էր Իտալիայում անցկացված Tour de Ski մրցաշարի ժամանակ իր համազգեստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար: Ադրբեջանի պետական զբոսաշրջության կոմիտեն Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի հովանավորներից է։

«Միքայելն իր դիրքորոշումն է հայտնել: Նա չի որակազրկվել, միայն տուգանվել է: Միքայելը չի խոստացել, որ չի անի նույն բանը հաջորդ մրցաշարերում, քանի որ դա մեկանգամյա ակցիա չէր:

Ողջունում եմ Միքայելի քայլը: Որքան էլ ուզում են տուգանեն՝ արժանապատիվ հայը մնում է արժանապատիվ հայ: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան կվճարի տուգանքը»,- ֆեյսբուքյան էջում նշել է Գագիկ Սարգսյանը:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը նաև հայտնել է, որ ԿԳՄՍ նախարարությունից ֆինանսավորում չեն ստացել 2026թ․ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։

«Տարիներ շարունակ ԿԳՄՍ նախարարությունից խնդրում-աղաչում ենք դրամական աջակցություն՝ 2026թ․ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակցության համար, բայց չենք ստացել որևէ լումա: Միքայել Միքայելյանն ու այլ մարզիկներ ապահովել են վարկանիշային միավորներ օլիմպիական քվոտաներ ստանալու համար։ Իսկ մեր հարևան պետությունը ոչինչ չունի այս մարզաձևում, բայց ստացել է աշխարհի գավաթի փուլեր ու աշխարհի առաջնություն անցկացնելու հնարավորություն: Սա այն դեպքն է, երբ պետք է նաև սովորել հակառակորդից»,- ասել է Գագիկ Սարգսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն