Ադրբեջանից այս անգամ նաև «ռեգուլյար» տեսակի բենզին ու դիզվառելիք է գալիս. Պապոյան | news.am

news.am Եթե հայկական շուկայում հայտնվում է 80-100 դրամ ավելի էժան մրցակից ապրանք, բնականաբար, իրենք պետք է գնան բացատրեն իրենց մատակարարներին, ասեն՝ մենք ևս պետք է էժան գին ունենանք և իրենք էլ փորձեն  իրենց ծախսերը օպտիմալացնել, մրցունակ գին առաջարկել, որի արդյունքում մեր քաղաքացին 80, 100 կամ 60 դրամ ավելի էժան վառելիք կունենա։ Այս մասին, այսօր՝ հունվարի 8-ին, կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ադրբեջանական բենզին ներկրելուն։

«Դա բնականաբար, ազդելու է, ընդհանուր բարեկեցության, և ընդհանրապես, մրցունակության վրա։ Տեսեք, եթե դիզվառելիքը 80 դրամ էժան եղավ, դա նշանակում է, որ հողը վարող տրակտորը 20 տոկոս ավելի քիչ փողի դիզվառելիք է ծախսելու»,- ասաց նա։

Հարցին՝ ինչքա՞ն վառելիք է գալիս Ադրբեջանից և որ ընկերություններն են ներկրում, նախարարը պատասխանեց. «Կարծես նույն ընկերություննեն են, ինչ-որ նախորդ անգամ։ Մի քանի հազար տոննա վառելիք է գալիս, իսկ նորությունն այն է, որ միայն պրեմիում չի գալիս, այլև ռեգուլյար տեսակի բենզին է գալիս և դիզվառելիք։ Ու էլի նախնական շուկայականից մինչև 80 դրամ էժան է լինելու։ Մոտակա օրերին այն կհասնի Հայաստան։ Դա արդեն չխպետք է լինի սենսացիա։ Սենսացիա առաջինն է լինում, իսկ հիմա երկրորդ էլ կլինի, 5-րդն էլ կլինի, 15–րդն էլ կլինի։ Ես այլևս այդ պրոցեսով չեմ զբաղվելու, որովհետեւ ինքը ռելսերի վրա դրված է։ Մեխանիզմը նույն տրամաբանությամբ է, ինչպես նախորդն է եղել»։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպե՞ս են ընտրվում ընկերությունները, որոնք պետք է ադրբեջանական վառելիք ներկրեն, Պապոյանն արձագանքեց. «Ես որեւէ մեկին չեմ ընտրել, որեւէ մեկին ընտրելու հնարավորություն չունեմ։  Եթե ընտրելու լինեի, բոլորին կընտրեի։ Պետք է մյուսներն էլ գնան բանակցեն կամ իրենց մատակարարների հետ, կամ այդ ընկերության հետ, որպեսզի կարողանան էժան բենզին բերել, որից շահողը մեր քաղաքացիներն են»։

Նշենք, որ Ադրբեջանից Հայաստան առաջին անգամ նավթամթերք ներմուծվեց 2025 թվականի վերջին․ դեկտեմբերի 19-ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան ուղարկված ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց «Այրում» երկաթուղային կայարան։ Գնացքը բաղկացած էր 22 վագոնից՝ բեռնված 1218 տոննա քաշով A-95 տեսակի բենզինով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն