Հայաստանում չի եղել ընտանիք, որից ՀԷՑ-ը փող չի գողացել․ Փաշինյան | armenpress.am

armenpress.am Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամանորի գիշերը մի շարք բնակավայրերում հոսանքազրկումների պատճառը համարում է նախորդ շրջանում ՀԷՑ-ի սեփականատերերի կողմից ներդրումային պարտավորությունները չկատարելն ու սխալ կառավարումը:

Այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

«Այն գործընթացները, որ վերջին ամիսներին դուք տեսել եք՝ սկսած մայիսից, հենց դրա արդյունքն են, որ ՀԷՑ-ը չի կատարել իր ներդրումային պարտավորությունները և, մասնավորապես, Հայաստանի մարզային բնակավայրերում: Եվ 6 ամսվա ընթացքի պրոցեսները, եթե տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ 3 անգամ ավելի, և ես հիմա շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենն արվում էր Հայաստանում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար՝ թաքնված լինելով Հայաստանի առանցքային ենթակառուցվածքներից մեկի թիկունքում»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելը արդարացված որոշում է եղել, որը կարող են պաշտպանել տարբեր ատյաններում:

«Ռոմանոս Պետրոսյանի, իր գործընկերների և մեր մյուս գործընկերների գործունեության արդյունքում պարզվեց, որ ՀՀ-ում չկա գոնե մի ընտանիք, որից ՀԷՑ-ը նախորդող շրջանում փող չի գողացել»,- ասաց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հունիսի 18-ին հայտարարել էր, որ հասունացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը պետականացնելու պահը։ 

2025 թվականի հուլիսին Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑի պետականացմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը, որով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տրվել էին նոր լիազորություններ։ Մասնավորապես, օրենքով սահմանվել է՝ եթե լիցենզավորված կազմակերպության գործունեությունն ունի բարձր ռիսկայնություն, կառավարության լիազոր մարմինը կարող է հաղորդում ներկայացնել, հնարավոր դարձնել կանխարգելիչ միջոցների կիրառումը մինչ վարույթի հարուցումը, հստակեցնել այդ միջոցների տեսակները, կիրառման կարգը և իրավաչափության պայմանները։  

Հուլիսի 18-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑի ժամանակավոր կառավարիչ։ 

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 17-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան դադարեցնելու որոշում ընդունեց։ 

ՀԷՑի սեփականատերը «Տաշիր Կապիտալ» ընկերությունների խումբն է, որը ՀԷՑում ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշումը վիճարկել էր Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն