Ադրբեջանից նավթամթերքի ներմուծման հնարավորության մասին տեղեկացվել են այն գործարարները, որոնք, իշխանության գնահատմամբ, դա քաղաքական ակցիա չէին դարձնելու:
Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է որոշվել, թե որ ընկերությունները պետք է ներմուծեն ադրբեջանական նավթամթերքը, և արդյոք ոլորտում բոլորը տեղյակ են եղել այդ հնարավարությունից:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխարտգործնախարարն է հայտնել նավթամթերք արտահանելու մտադրության մասին:
«Հայաստանի կառավարությունը, նախնական ուսումնասիրելով դաշտը, այն գործարարներին, որոնք, մեր գնահատմամբ, հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել և ասել, որ կառավարությունը մեզ ստիպում է Ադրբեջանից բենզին գնել, իսկ մենք չենք գնում, մենք ասել ենք, որ կա այդպիսի հնարավորություն, և երկու կողմերի ընկերությունները կապ են հաստատել»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ նավթամթերքի ներմուծումից հետո Հայաստանում եղան ցանցեր, որոնք հրաժարվեցին վաճառել ադրբեջանական բենզինը. «Նշանակում է, որ մեր նախնական մտահոգությունը ճիշտ էր»: