Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 8-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։
ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են անցած տարվա դեկտեմբերին ԱԽ քարտուղարի՝ Միացյալ Թագավորություն կատարած այցի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Կողմերը գոհունակությամբ անդրադարձել են ՀՀ–ՄԹ երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև վերահաստատել են երկկողմ փոխգործակցությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու երկուստեք հանձնառությունը։
Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ու Ալեքսանդրա Քոուլինը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ։