azatutyun.am Հալեպահայերի տների վրա հրասանդեր են ընկել, վնասները նյութական են, տուժածներ չկան, «Ազատության» հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը:
«Սիրական բանակի կողմից տրված ժամկետն ավարտվեց ու սկսեցին կրակոցները, մի քանի վայրկյանում հանկարծ փողոցն ամայանում է: Դուրս գալն արգելված չէ, ազատ են մարդիկ», – նշեց նա:
Ընդգծելով, որ իրավիճակը լարված է, Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը նշեց. «Հայ համայնքը հայտարարել է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնասրահը պատրաստ է ընդունել մեր հայրենակիցներին. ով զգում է, որ ապահով չէ, կարող է դիմել ու ապաստարան գտնել այնտեղ: Դարմանատունը բաց է առողջական անհրաժեշտության համար»:
«Ազատության» հարցին՝ կա՞ն հայեր, որոնք նախընտրել են գնալ ու եկեղեցում ապաստանել, Մարիա Գաբրիելյանը պատասխանեց. «Այո կա: Կան նաև, որ նախընտրել են իրենց ազգականների տունը»:
Հալեպում բախումների ֆոնին ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարել է, որ շարունակում է իր գործունեությունը:
Հալեպում տեղի ունեցած բախումների հետևանքով հայաբնակ Շեյխ Թահա և Վիլլաներ շրջանները նյութական վնասներ են կրել, հայտնում է «Գանձասար» հանդեսը:
Ըստ հրապարակման, վիրավորներ չկան, վնասները միայն նյութական են։
«Ներկայումս Հալեպում զգուշավոր հանդարտություն է տիրում: Երբեմն լսվում են կրակոցների ձայներ: Սննդամթերքի խանութները, հիվանդանոցները բաց են», – նշում է «Գանձասարը»:
Բախումները տեղի են ունենում կառավարական և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև:
Սիրիայի զինված ուժերը Հալեպի երկու պաշարված քրդական թաղամասերի բնակիչներին կոչ են արել լքել բնակավայրը՝ զգուշացնելով, որ պատրաստվում են նոր հարվածներ հասցնել քրդերի դիրքերին։