civilnet.am Հունվարի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հերթական նիստը, որի ընթացքում հրապարակվեց հետազոտման ենթակա ապացույցների ցանկը։
Դատական նիստի ընթացքում Բագրատ Գալստանյանը, մյուս մեղադրյալներն ու պաշտպանները պնդեցին, որ ինչպես ձայնագրությունները, այնպես էլ իրեղեն ապացույց համարվող տարբեր գրությունները փորձաքննություն չեն անցել։ Ըստ նրանց՝ հստակ չէ, թե արդյոք դրանք վերագրվում են այն անձանց, որոնց մասին նշված է մեղադրանքում։
«Վեց ամիս առաջ Գլխավոր դատախազը Ազգային ժողովում հայտարարեց, որ փորձաքննություն պետք է իրականացվեն, բայց դա չի եղել։ Եթե սրանք արժեքներ չեն, պատվարժա՛ն դատարան, հիմա վերդի՛կտ տվեք՝ գնանք։ Մինչև այսօր տարբեր մարդկանց տները խուզարկում են, նեղություն են տալիս։ Ինչի՞ հիման վրա։ Սա առանցքային հարց է, քմահաճույքի հարց չի։ Ինձ մեղադրել է Քննչական կոմիտեի ղեկավարը, թե իբր իմ ձեռքով գրվել է «ահաբեկչության պլանավորում»։ Վեց ամիսն անցել է, մի անգամ չի եղել ձեռագրաբանական որևէ քննություն»,- հայտարարեց Գալստանյանը։
Նա շարունակեց պնդել, որ գործը հիմնված է կեղծ ապացույցների վրա․ «Բոլոր տեքստերը, ամեն ինչ սարքված, կեղծված, ներդրված են»,- հայտարարեց նա։
Դատավոր Կարեն Ֆարխոյանն էլ ասաց, որ դատավարության ընթացքում կողմերը կկարողանան բոլոր ապացույցները ներկայացնել․ «Այստեղ քաղաքական ամբիոն չէ, այստեղ արդարադատություն է իրականացվում»,- դիմելով Բագրատ սրբազանին՝ նշեց նա։
Այսօրվա նիստին մեղադրող կողմը հրապարակեց հետազոտվելիք ապացույցների ցանկը։ Նա առաջարկեց դատարանում ուսումնասիրել Ազգային անվտանգության ծառայությունից ստացված փաստաթղթերը, ձայնագրությունները, տեսանյութեր, մեղադրյալների բնակության վայրերից հայտնաբերված իրեղեն, ինչպես նաև այլ ապացույցները։
Մեղադրողների միջնորդությունից հետո դատավոր Կարեն Ֆարխոյանն պնդեց, որ հարկավոր էր նշել, թե գործի որ հատորների մասին է խոսքը, իսկ զննությունների դեպքում՝ որոնք են դրանք և, ըստ մեղադրանքի կողմի, ինչ է հիմնավորվում այդ նյութերով։
Մեղադրողները չառարկեցին, սակայն դժգոհություն հայտնեցին, որ Քրեական դատավարության օրենսգիրքը նման պահանջ չի սահմանում։ Դատավորն արձագանքեց, որ այդ պահանջը դնում է դատարանը։ Այս հանգամանքով պայմանավորված՝ նիստը տեղափոխվեց, որպեսզի մեղադրանքի կողմը ներկայացնի պահանջված տեղեկությունները։
Դատական նիստի ընթացքում մթնոլորտը պարբերաբար լարվում էր Բագրատ սրբազանի ելույթներից հետո։ Նա դիմում էր հանրային մեղադրողներին և գնահատականներ հնչեցնում իրավապահների գործողությունների վերաբերյալ, ինչը դուր չէր գալիս դատախազության ներկայացուցիչներին։