ՆԳՆ-ից հայտնում են, որ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է նոր թվային հարթակ, որի միջոցով ՀՀ քաղաքացիության հետ կապված գործընթացները ամբողջությամբ թվայնացվել են։
«Քաղաքացիները կարող են անհրաժեշտ տեղեկությունը ստանալ և դիմումները ներկայացնել առցանց՝ առանց ֆիզիկական այցելությունների։ ՀՀ քաղաքացիության դիմումները ներկայացվում են Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով՝ https://mcs-citizenship.am հասցեով։
Գրանցվելու համար ՀՀ քաղաքացիները պետք է օգտագործեն «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակը՝ խիստ նույնականացմամբ, իսկ օտարերկրյա քաղաքացիները, փախստականի կարգավիճակ ունեցող կամ քաղաքացիություն չունեցող անձինք կարող են գրանցվել ինչպես «ԵսԵմ»-ով, այնպես էլ էլեկտրոնային փոստի միջոցով։
Բջջային նույնականացման քարտ օգտագործելու դեպքում անհրաժեշտ է մուտքագրել այն հեռախոսահամարը, որով ակտիվացված է թվային նույնականացման ծառայությունը, և մուտք գործել համակարգ՝ mID PIN կոդով։
ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու համար սահմանված է պետական տուրք, որը վճարվում է գործող կարգով։
Միևնույն ժամանակ, տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց համար գործում է հատուկ ընթացակարգ․ նրանք դիմումները ներկայացնում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ նշված համակարգի միջոցով, և 2025 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած ազատված են ՀՀ քաղաքացիության դիմումների պետական տուրքի վճարումից։
Նշված կարգավորումները նպատակ ունեն ապահովել գործընթացների պարզեցում, մատչելիություն և հավասար պայմաններ բոլոր շահառուների համար՝ համապատասխանեցնելով դրանք հանրային ծառայությունների թվայնացման ժամանակակից չափանիշներին»,- ասված է հաղորդագրությունում։