Իրանում ազգային արժույթի կտրուկ արժեզրկման ֆոնին դեկտեմբերի 30-ից մեկնարկած բողոքի ակցիաները նոր թափ են ստանում:
Ըստ տեղական լրատվամիջոցների և պաշտոնական հայտարարությունների՝ դեկտեմբերի վերջին սկսված ցույցերից ի վեր զոհվել է առնվազն 21 մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի աշխատակիցներ։
Լրատվամիջոցների տվյալներով՝ դրանք ընդլայնվում են ինչպես աշխարհագրորեն, այնպես էլ մասնակիցների թվով: Նշվում է, որ ցույցերն ընդգրկել են ավելի քան 280 քաղաք, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանը և մյուս խոշոր քաղաքները:
Ըստ տարբեր հրապարակումների՝ Իրանում ինտերնետ կապը բացակայում է:
Անկախ լրագրող Ամիր Միրեսմայիլին հայտնում է, որ ցուցարարները երեկ նաև կառավարական շենքերից մեկն են այրել Թեհրանում: Ցուցարարների ձեռքում նաև Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավի որդի, Իրանում ընդդիմության առաջնորդներից Ռեզա Փահլավիի նկարներն են:
Նշենք, որ Ռեզա Փահլավին բնակվում է ԱՄՆ-ում, և այս շրջանում այնտեղից հանդես է գալիս բողոքի ակցիաները չդադարեցնելու և Իրանի կառավարությանը տապալելու կոչերով։