armenpress.am Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները և Սիրիայում ու տարածաշրջանում վերջին զարգացումները: Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը։
Նախագահ աշ-Շարաան բարձր է գնահատել Ֆրանսիայի ջանքերն՝ ուղղված Սիրիայի ազգային միասնությանն աջակցմանն ու ինքնիշխանության տարածմանն ամբողջ երկրում։
Աշ-Շարաան ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել է պետության կողմից Հալեպ քաղաքում ձեռնարկված ջանքերը՝ ընդգծելով, որ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը և քաղաքի շրջակայքի անվտանգությունը գերակա խնդիր է բնականոն կյանքին վերադառնալու համար: Նա ընդգծել է պետության ազգային և ինքնիշխան դերը սիրիական ժողովրդի բոլոր համայնքների, այդ թվում՝ քրդական համայնքի պաշտպանության գործում՝ որպես ազգային կառուցվածքի անբաժանելի մաս։
Իր հերթին, Ֆրանսիայի նախագահը հաստատել է իր երկրի հանձնառությունն՝ աջակցելու Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանն՝ ընդգծելով երկկողմանի համակարգման և խորհրդակցությունների շարունակականության կարևորությունը։
Նախագահ Ահմեդ աշ-Շարաան նաև հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելով Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները և տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերը։
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել է իր երկրի աջակցությունը անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին՝ միաժամանակ ընդգծելով համատեղ համակարգման կարևորությունը՝ մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու համար։
Կողմերը համաձայնել են շարունակել սերտ համակարգումը երկու երկրների համապատասխան հաստատությունների միջև՝ համատեղ համաձայնությունների իրականացումն ապահովելու, սիրիացի և թուրք ժողովուրդների շահերը սպասարկելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հեռանկարներն ամրապնդելու համար։