Վենեսուելան հայտարարել է բանտից ընդդիմադիր գործիչների ազատ արձակման մասին | 1lurer.am

1lurer.am  Հունվարի 8-ին Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է «մեծ թվով» վենեսուելացի և օտարերկրյա բանտարկյալների, այդ թվում՝ ընդդիմադիր ականավոր գործիչների ազատ արձակման մասին: Բանտարկյալների ճշգրիտ թիվը և նրանց անունները դեռևս հայտնի չեն՝ հաղորդում է dpa-ն: Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ազատ արձակվածների թվում է Իսպանիայի 5 քաղաքացի:

Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը պնդել է, որ այս ազատ արձակումը միակողմանի բարի կամքի դրսևորում է, որը որևէ մեկի հետ համաձայնեցված չէ:

Foro Penal իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Վենեսուելայում կա մոտ 800 քաղբանտարկյալ: Նրանցից շատերը ձերբակալվել են 2024 թվականին Նիկոլաս Մադուրոյի վերընտրության դեմ բողոքի ցույցերի ժամանակ: Միջազգային կազմակերպություններն ու ակտիվիստները Վենեսուելայի անվտանգության ուժերին մեղադրել են մարդու իրավունքների լուրջ խախտումների համար:

Վենեսուելացի իրավապաշտպան Մարթա Տինեոն հայտարարել է, որ բանտարկյալներն ազատ են արձակվում «Էլ Հելիկոիդ» բանտից, որը հայտնի է դաժան պայմաններով և Մադուրոյի հակառակորդների խոշտանգումներով:

Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ գործողություն էր իրականացրել և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին տեղափոխել ԱՄՆ՝ նրանց մեղադրելով թմրաահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման և զենքի հետ կապված դավադրության համար: Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանքները ներկայացվել են Նյու Յորքի դատարանում։ Նրանք հերքել են մեղադրանքները։ Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 17-ին։

Վենեսուելայում ԱՄՆ հատուկ գործողության ընթացքում 100 մարդ է զոհվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն