Նախարարը չբացառեց ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի լավարկման հնարավորությունը | armenpress.am

armenpress.am Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4040 ընտանիք բնակապահովման պետական աջակցության ծրագրով արդեն ստացել է բնակարանների գնման հավաստագիր, որից 1700-ն արդեն իրացվել է։

Այս մասին հունվարի 9-ի ասուլիսին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ նկատելի է՝ հավաստագրեր ստանալու տեմպն արագացել է։

Նրա խոսքով՝ հավաստագրերի տրամադրման և իրացման գործընթացում հիմնական խնդիրը ՀՀ քաղաքացիություն ստանալն է։

«Շատերը չէ, որ ուզում են ստանալ քաղաքացիություն՝ տարբեր պատճառներով։ Ես չեմ կարող չնկատել և չխոսել այն շահարկումների մասին, որոնք անում են տարբեր շրջանակներ և դրդում մեր հայրենակիցներին չստանալ քաղաքացիություն։ Չստանալ, որովհետև իբր դրանով ապագայում կկարողանան իրենց հարցը լուծել՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ անձնական։ Չստանալ, որովհետև քաղաքացիությունը նշանակում է ոչ միայն իրավունք, այլ նաև պարտականություն, այդ թվում՝ օրինակ ծառայելու ՀՀ զինված ուժերում։ Այդ շահարկումները, և ոչ միայն, ըստ էության, բերել են մի իրավիճակի, որ դեռ բոլորը չեն ստացել քաղաքացիություն։ Կան նաև օբյեկտիվ պատճառներ. քաղաքացիություն ստանալու գործընթացը, թեև հեշտացվել է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար, այնուամենայնիվ, ժամանակ է պահանջում։ Երբեմն կարիք է լինում նաև դատական գործընթացների, որովհետև փաստաթղթերի պակաս է լինում և այլն։ Մենք վերջին ամիսներին տեսել ենք քաղաքացիության համար դիմումների աճ և պետք է խրախուսենք, որ դա շարունակվի»,-ասաց Թորոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, քաղաքական կայունությունը կնպաստեն քաղաքացիության համար դիմումների թվի աճին։

Նախարարի պնդմամբ՝ տրամադրվող գումարով, որն ըստ համայնքների կազմում է 3-5 միլիոն դրամ, ինչպես նաև ինչ-որ չափով հավելյալ վարկային միջոցներ ներգրավելով, շահառուները կարող են իրենց նախընտրելի բնակավայրում տուն ձեռք բերել։

Գերատեսչության ղեկավարը նշեց, որ ընթացքում շտկումներ  են իրականացվել ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում։ Նա չբացառեց հետագայում ևս ծրագրի լավարկման հնարավորությունը, քանի որ գործնականում տարբեր խնդիրներ են ի հայտ գալիս։

Թորոսյանն ընդգծեց, որ բացի բնակապահովումը, աջակցություն է ցուցաբերվում զբաղվածության ծրագրերի շրջանակում։ Մասնավորապես՝ կառավարությունը խթանելու է բնակապահովման ծրագրի շահառուների ինքնազբաղվածությունը՝ փոքր բիզնեսների զարգացմանն աջակցելու եղանակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն