civilnet.am Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը չի ընկրկի անհնազանդությունների առաջ։ Այդ մասին նա նշել է հունվարի 9-ի իր ուղերձում, հայտնում են միջազգային լրատվամիջոցները։ Հունվարի 8-ի երեկոյից Իրանում կապի տատանումներ են, որոնց հետևանքով չեն գործում բազմաթիվ լրատվական կայքէջեր։
«Յուրաքանչյուրը պետք է իմանալ, որ Իսլամական հանրապետությունը եկել է իշխանության հարյուր հազարավոր պատվարժան մարդկանց արյան գնով և չի ընկրկի սաբոտաժի առաջ», – նշել է Խամենեին։
Իրանի գերագույն առաջնորդը ցույցերի մասին խոսելիս մեղադրել է «օտար ուժերի հովանավորությունը» վայելողներին Իրանը ապակայունացնելու փորձերի մեջ։ Նա այդ համատեքստում թիրախավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, իսկ ցուցարարների գործողությունները համարել որպես վերջինիս հաճոյանալու փորձ։
«Նրանք [ցուցարարները] ցանկանում են նրան ուրախացնել, սակայն եթե ինքը [Թրամփը] կառավարել իմանար, կկառավարեր սեփական երկիրը», – ասել է Իրանի առաջնորդը։
Ալի Խամենեին խոսել է նաև ԱՄՆ նախագահի տապալման մասին․
«Թրամփը պետք է իմանա, որ աշխարհի բռնակալները, ինչպիսիք են՝ Փարաոնը, Նիմրուդը, Ռեզա շահն ու Մոհմմադ Ռեզան տապալվեցին իրենց ամբարտավանության գագաթնակետին։ Նա նույնպես կտապալվի», – ասել է Խամենեին։