armenpress.am Հալեպի քրդաբնակ թաղամասերում հայտարարված հրադադարից հետո քաղաքում այժմ իրավիճակն ամբողջովին փոխվել է. եռօրյա մղձավանջային օրերից հետո որոշակի անդորր է տիրում, այդուհանդերձ, իրավիճակն արագորեն փոփոխվում է, և ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը դեռ պահպանվում է:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Բերիո Հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը՝ մանրամասնելով Հալեպում այս պահին տիրող իրավիճակը՝ հատկապես տրամադրությունները հայ բնակիչների շրջանում:
«Այսօր պատկերը բոլորովին փոխվեց, եռօրյա սարսափելի օրերից հետո այսօր որոշակի անդորր է տիրում»,-նշեց Գաբրիելյանը՝ մանրամասնելով, որ սիրիական բանակի և քրդական ուժերի միջև բախումները շարունակվել են մինչ առավոտ:
Նա մանրամասնեց, որ սիրիական բանակը ի վերջո կարողացել է մտնել այն շրջաններ, որտեղ տեղակայված էին քրդական ուժերը։
«Հիմա իրականացվում են երեք շրջաններից՝ Աշրաֆիեից, Շեյխ Մաքսուդից և Բանի Զեյդից քրդական ուժերի դուրսբերման և նրանց Եփրատի արևելք տեղափոխելու աշխատանքները: Ռազմական գործողություններն ընդհանրապես դադարեցին, կոչ եղավ երեք շրջաններից տեղահանվածներին պատրաստվել վերադառնալ իրենց տներ։ Փառք Աստծո, որ եռօրյա ռազմական գործողությունները նվազագույն վնասներով ավարտվեցին»,-հայտնեց Մարիա Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ այդուհանդերձ, վերջին ժամերին Շեյխ Մաքսուդ շրջանում խնդիր է ծագել, որովհետև քրդական ուժերը մերժել են դուրս գալ, ինչի պատճառով սիրիական բանակը շրջանը դատարկելու նոր ժամկետ է տվել քրդերին:
Նա նշեց, որ ամեն ժամ իրադարձությունը փոփոխությունների է ենթարկվում, և հավանական են նոր բախումներ:
«Ամեն ժամ բան է փոխվում. Շեյխ Մաքսուդի շրջանում, կարծես, խնդիր կա և ռազմական գործողությունները կարող են վերսկսվել»,-ասաց Գաբրիելյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում