Երևանի Տիգրան Մեծ բնակելի համալիրի բնակիչները այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ դժգոհելով, որ կառուցապատող «Շինա» ՍՊԸ-ն շենքի հանձնման ժամկետից 3 տարի անց դեռ չունի շենքի ավարտական ակտն, ու բնակիչները չեն ստացել սեփականության վկայականները։
Բացի այդ՝ թեև արդեն բնակիչների մեծ մասը ապրում է շենքում, բայց լուրջ տեխնիկական ու կոմունակացիոն խնդիրներ են նկատել։
Ակցիայի մասնակից, շենքի բնակիչներից մեկի խոսքով՝ այսօր էլ կառուցապատողը բնակիչներից շարունակում է գանձել սպասարկման վճար՝ առանց փաստացի սպասարկում ապահովելու։
«Քառակուսի մետրի համար վերցնում են 250 դրամ։ Կան բնակիչներ, որ արդեն չորրորդ ամիսն է՝ վճարում են, բայց սպասարկումը զրո է։ Մաքրությունից բացի՝ ոչինչ չի արվում, այն էլ շատ թերի։ Ավելին՝ ասում են՝ եթե չվճարեք, նոտարի մոտ չենք մտնի, ջուրը կանջատեն, շենքի մուտքը կփակեն»,- նշեց նա։
Բնակիչների կարծիքով՝ ստեղծված իրավիճակից միակ ելքը կառուցապատողի լիակատար հեռացումն է շենքի կառավարումից։
«Մեզ համար միակ լուծումը սա է․ կառուցապատողը պետք է դուրս գա սպասարկումից, հեռանա շենքի կառավարման գործընթացից, բոլոր կոմունիկացիաները հանձնվեն բնակիչներին, և մենք ինքներս որոշենք՝ համատիրություն ստեղծել, թե մասնագիտական ընկերություն վարձել»,- ասաց բնակիչը։
Ակցիայի մասնակիցները լուրջ խնդիր են համարում նաեւ կաթսայատան հարցը։ Բնակիչների փոխանցմամբ՝ այն բանավոր ձևով համարվում է կառուցապատողի սեփականությունը, ինչը կարող է դառնալ ճնշման գործիք։
«Մարդկանց եկել են 400-500 հազար դրամի ջեռուցման վճարներ։ Անհասկանալի է՝ ինչպես են հաշվարկվել։ Քանի որ շենքը գազամատակարարում չունի, և պայմանագրերով նույնիսկ օդափոխիչ տեղադրելն է արգելված, սա կենսական լծակ է բնակիչների վրա ազդելու համար», – ասաց ակցիայի մասնակիցը։
Էկրանակադրը՝ pastinfo.am-ի տեսանյութի։