«Կաթողիկոսը եթե չէր ուզում՝ 10 եպիսկոպոսները բողոքի ձայն բարձրացնեին, թող չհրապարակեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի մասին նյութերը»,- հայտարարել է Մասյացոտնի թեմի պաշտոնանկ արված առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը՝ նկատի ունենալով Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող անպարկեշտ տեսանյութերը։
«Կաթողիկոսի հրահանգով են հրապարակվել այդ նյութերը։ Այս շրջանում մեր հասցեին բազմաթիվ հերյուրանքներ, բամբասանքներ, ինչ ասես տարածեցին։ Ես չեմ կարծում, թե դուք մտածում եք, որ դա կառավարության պատվերն է։ Շատ նեղված էին, որ Արշակ Սրբազանին չէին ձերբակալել, ընդամենը երկու արքեպիսկոպոսի էին ձերբակալել։ Ուզում եք իմանալ ճշմարտությունը՝գնացեք քննեք, հետաքննեք»,- ասել է նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հռչակած օրակարգին միացած հոգեւորականներին «տիրադավ» որակմանը, Գեւորգ սրբազանն արձագանքել է. «Ով մեզ ասում է՝ տիրադավ, նա հայրենավաճառ է, հայրենադավ է»։