armenpress.am Իրանի կառավարությունը եռօրյա ազգային սուգ է հայտարարել երկրում օրեր շարունակ տեղի ունեցող ցույցերի և անկարգությունների ժամանակ զոհվածների հիշատակին։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի պետական ռադիոհեռարձակողը։
Իրանական կողմը ցույցերի ընթացքում զորհերի վերաբերյալ նոր թվային տվյալներ չի հաղորդել։ Հայտնի է միայն, որ անկարգությունների ժամանակ զոհվել է առնվազն 38 իրանցի իրավապահ։
Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են մի քանի հարյուր զոհի մասին։ Մասնավորապես, Associated Press գործակալությունը, հղում անելով ակտիվիստներից ստացած տեղեկություններին, հայտնում է, որ ցույցերի հետևանքով զոհվել է առնվազն 544 մարդ։
Իրանում զանգվածային անկարգությունների ընթացքում վնասվել են շտապօգնության շուրջ 150 մեքենա, հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ ցուցարարները հարձակվել են բուժհաստատությունների և արտակարգ ծառայություն իրականացնող մարմինների շենքերի վրա։
Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը:
Երկրում սահմանափակված է ինտերնետի հասանելիությունը։