civilnet.am Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է Իրանում ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը՝ զգուշացնելով, որ Իսլամական Հանրապետությունը «սկսում է» անցնել իր սահմանած կարմիր գիծը՝ երկրով մեկ բողոքի ցույցերի նկատմամբ ուժի կիրառման սաստկացման պայմաններում։
«Մենք դիտարկում ենք շատ կոշտ տարբերակներ»,- ասել է Թրամփը օդանավում՝ կիրակի Ֆլորիդայից Վաշինգտոն վերադառնալիս։
Հարցին, թե արդյոք Իրանն արդեն անցե՞լ է կարմիր գիծը, Թրամփը պատասխանել է, որ «թվում է՝ սկսում են անցնել»։ Նա հավելել է, որ «որոշում կկայացնի» և որ «շատ լուրջ ենք ուսումնասիրում [իրավիճակը Իրանում]»։
Թրամփը քանիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է «փրկել» իրանցիներին, եթե իշխանությունները սպանեն ցուցարարներին. շաբաթներ շարունակվող անկարգությունները վերջին տարիներին Իսլամական ռեժիմի համար ամենամեծ ներքին սպառնալիքն են։ Ուրբաթ նա ասել էր, որ Իրանին «շատ ուժգին կհարվածի ամենացավոտ տեղում»։
Թրամփը նշել է, որ Իրանի վերաբերյալ ժամ առ ժամ տեղեկանում է՝ ավելացնելով, որ «թվում է՝ որոշ մարդիկ են սպանվում, որոնք չպետք է սպանվեին» երկրի տարբեր հատվածներում։
Թրամփը հավելել է, որ իր վարչակազմը քննարկում է հինգշաբթի ուժի մեջ մտած համացանցի գրեթե լիակատար անջատումը, և որ Վաշինգտոնը կարող է քայլեր ձեռնարկել «համացանցը գործարկելու» ուղղությամբ, եթե դա հնարավոր լինի։ Նա ասել է, որ կզանգահարի Starlink-ի հիմնադիր Իլոն Մասկին Իրանի հարցը քննարկելու համար։
Մինչ այս պահը ԱՄՆ-ն տարածաշրջան լրացուցիչ զորքեր կամ ավիացիա չի տեղակայել, և տարածաշրջանում չկա նաև ամերիկյան ավիակիր, հայտնել են պաշտոնյաները։ ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամեծ և ամենաառաջադեմ ավիակիրը՝ USS Gerald R. Ford-ը, նոյեմբերին Միջերկրական ծովից տեղափոխվել է Կարիբյան ավազան՝ Վենեսուելայի վրա կենտրոնանալու նպատակով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում