Գրենլանդիայի հարցով Թրամփի բանագնացը հայտարարել է, որ Դանիան օկուպացրել է կղզին | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի հարցով հատուկ բանագնաց նշանակված Ջեֆ Լենդրին, ով նաև զբաղեցնում է Լուիզիանայի նահանգապետի պաշտոնը, հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Դանիան օկուպացրել է Գրենլանդիայի տարածքը։

X-ի իր էջում նա մասնավորապես նշել է․«Պատմությունը կարևոր է։ ԱՄՆ-ն պաշտպանել է Գրենլանդիայի ինքնիշխանությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Դանիան չէր կարող դա անել։ Պատերազմից հետո Դանիան կրկին օկուպացրեց այն՝ շրջանցելով և անտեսելով ՄԱԿ-ի արձանագրությունը»։

Ամերկյան CBS News-ի տեղեկություններով՝ այս շաբաթ Թրամփի ներկայացուցիչները Գրենլանդիայի հարցով հանդիպելու են Դանիայի ներկայացուցիչների հետ։

Նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ նախագահ Թրամփը հետաքրքրված է գնելու դանիական տարածքը։ Սպիտակ տնից բազմիցս հայտարարել են, որ դիտարկում են Գրենլանդիան ձեռք բերելու տարբեր տարբերակներ, այդ թվում և զինված ուժի միջոցով։

Թեմայի մասին հունվարի 11-ին կրկին խոսել էր նաև նախագահ Թրամփը՝ ասելով, որ եթե ԱՄՆ-ն ձեռք չբերի Գրենլանդիան, ապա դա կարող են անել Ռուսաստան կամ Չինաստանը, ինչն ինքը թույլ տալ չի կարող։ «Ես կուզեի նրանց (խմբ․- Գրենլանդիայի) հետ գործարք կնքել։ Դա ավելի հեշտ կլիներ։ Բայց այս կամ այն ​​կերպ մենք ստանալու ենք Գրենլանդիան։ Եթե դա մեզ չհաջողվի հեշտ տարբերակով, ապա կանենք բարդ տարբերակով»,- ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել էր Թրամփը։

Դանիայի իշխանությունները, արձագանքելով Գրենլանդիայի վերաբերյալ պաշտոնական Վաշինգտոնի հայտարարություններին, բազմիցս հիշեցրել են, որ կղզին Դանիայի Թագավորության մաս է՝ կոչ անելով ԱՄՆ-ին դադարեցնել սպառնալիքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն