ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «ցնցված է» Իրանում ցուցարարների դեմ բռնության մասին հաղորդագրություններից | azatutyun.am

azatutyun.am  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ «ցնցված է» Իրանում ցուցարարների դեմ բռնության մասին հաղորդագրություններից, որոնք հանգեցրել են զոհերի ու վիրավորների:

«Խոսքի ազատության, խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները պետք է լիովին հարգվեն և պաշտպանվեն», – ասել է Գուտերեշը՝ կոչ անելով Իրանի իշխանություններին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և զերծ մնալ անհարկի կամ անհամաչափ ուժի կիրառումից։

Իրանում արդեն երրորդ շաբաթն է՝ հակակառավարական ցույցեր են անցկացվում: Ինտերնետի անջատման պատճառով խիստ սահմանափակ է ստացվող տեղեկատվությունը, հեռախոսային ծառայությունները ևս սահմանափակվել են, այդ պատճառով հնարավոր չէ հստակ պարզել, թե քանի մարդ է զոհվել ցույցերի ընթացքում: Իրավապաշտպան որոշ կազմակերպություններ տարբեր թվեր են հրապարակում՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Մարդու իրավունքների լրատվական գործակալությունը (HRANA)՝ Միացյալ Նահանգներում գործող իրանցի ակտիվիստների կազմակերպությունը, հունվարի 11-ին հայտարարել է, որ վերջին 15 օրերի ընթացքում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 544 մարդ։

Կազմակերպությունը հայտնել է, որ ձերբակալվել է առնվազն 10,061 մարդ, և որ ցույցեր են տեղի ունեցել բոլոր 31 նահանգների 186 քաղաքների 585 վայրերում։

Թեև Իրանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ երկրում ինտերնետը անջատելու որոշումը կայացվել է «անվտանգության իրավասու մարմինների կողմից՝ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված», Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է, որ այս ամենն արվում է Իրանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները թաքցնելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն