armenpress.am Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը Հայաստանում արդարադատության ուշացման տարբեր պատճառներ է տեսնում:
Աթաբեկյանը դրանք նշեց դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման թեմայով քննարկման ընթացքում:
«Ողջամիտ ժամկետների պահպանման տեսանկյունից պակաս կարևոր չեն բողոքարկումները: Բողոքարկվում են վճիռները նաև այն պայմաններում, երբ Վճռաբեկ դատարանն իրավիճակի վերաբերյալ ունի կայուն նախադեպային պրակտիկա, բայց բողոքարկում է լինում, որը շատ ժամանակ ու ռեսուրս է պահանջում»,- ասաց Աթաբեկյանը:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հավելեց՝ լինում են նաև դեպքեր, երբ ուշացումն իրականացվում է դատավորի կամ դատավարության մասնակից մյուս գործող անձանց պատճառով, և կարևոր է այս համատեքստում հետևել նրանց վարքագծին:
«Այսօր Հայաստանի Հանրապետությունում արդեն ողջամիտ ժամկետների գործերի քննության իրավունքի խախտման հիմքերով դատական հայցեր կան, Հայաստանի դեմ կայացվում են դատական ակտեր՝ գումարի բռնագանձման հիմքով»,- նշեց ԲԴԽ նախագահը:
Արթուր Աթաբեկյանը կարծիք հայտնեց, որ նոր Սահմանադրությամբ կարելի է սահմանադրորեն հռչակել յուրաքանչյուրի պարտականությունը՝ մասնակցել արդարադատությանը: