hetq.am Երևանում Իրանի դեսպանության առջև ուրբաթ օրվանից երեք օր շարունակ հավաքվել են բազմաթիվ իրանցիներ՝ բողոքի ձայն բարձրացնելով Իրանի ներկայիս իշխանությունների դեմ, վանկարկելով Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավիի անունը, որին ցանկանում են տեսնել որպես երկրի նոր առաջնորդ։
Ցուցարարները հայտնում են, որ իրենց ուզածը միայն ազատությունն է, ու որպեսզի իրենց վերադարձվի հայրենիքը։ Նրանք բողոքել են նաև, որ չեն կարողանում կապ հաստատել Իրանում գտնվող հարազատների հետ, քանի որ իշխանություններն անջատել են ինտերնետը։
Բողոքի ցույցերն Իրանում սկսվել էին 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Assocated Press-ը, հղում անելով ամերիկյան իրավապաշտպան կազմակերպություններից մեկի տվյալներին, հայտնում է 544 զոհի մասին, որոնցից 496-ը ցուցարարներ են, իսկ 48-ը՝ իրավապահներ։ Լրատվամիջոցի տվյալներով՝ երկրում շուր երկու շաբաթ շարունակվող ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 10600 մարդ։
Իրանում զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարվել։
Իրանական կողմը ցույցեր հրահրելու մեջ է մեղադրում ԱՄՆ-ին և Իսրայելին։

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյան / Հետք
